2808 դիտում
10:49 16-10-2019
«Վենետիկը» չի օգնի․ ճիշտը, երևի, ՍԴ-ն շրջափակելն է ու թմբուկ խփելը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երբ 2018 թվականի մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանի կոչով մեր հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց և փակեցին ճանապարհները, դա միանգամայն արդարացված էր, որովհետև այդ պահին Փաշինյանին վարչապետ չընտրելն արկածախնդրություն էր ՀՀԿ-ի կողմից և վտանգում էր մեր երկրի կայունությունը:
Երբ նույն թվականի հոկտեմբերի 2-ին վարչապետ Փաշինյանի կոչով քաղաքացիները շրջափակեցին Ազգային ժողովը՝ արտահերթ ընտրություններն արագացնելու համար, դա արդեն քաղաքական հաշվարկ էր. եթե խորհրդարանական ընտրությունները կայանային ոչ թե դեկտեմբերին, այլ, ասենք, այս տարվա մայիսին, պետությունը դրանից չէր տուժի, պարզապես «Իմ քայլը» կստանար ոչ թե 88, այլ մոտավորապես 60 ձայն՝ էլի մեծամասնություն, բայց ոչ բացարձակ:
Երբ 2019 թվականի մայիսի 20-ին, վարչապետը, դժգոհ մնալով Քոչարյանի գործով դատարանի որոշումից, կոչ արեց շրջափակել բոլոր դատարանները, դա արդեն քաղաքական կապրիզ էր, որովհետև Երկրորդ նախագահի հանդեպ կիրառվող խափանման միջոցը չի մտնում, իմ կարծիքով, մեր երկրի առաջնահերթ խնդիրների ցանկի մեջ:
Հիմա հերթը Սահմանադրական դատարանի՞նն է:
Այժմ՝ որպես իշխանության ծրագրի հիմնավորում, բերվում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը: Բայց այդ հանձնաժողովը չի ասել և որևէ իրավասություն չունի ասելու՝ «ազատվեք նախորդ հանցավոր ռեժիմի ՍԴ դատավորներից և շտապ ուղարկեք նրանց վաղաժամկետ թոշակի»: Եվրոպայի Խորհրդի փորձագիտական, խորհրդատվական այս կառույցն ընդամենը նշում է, որ ՍԴ դատավորների (անդամների) վաղաժամկետ թոշակի գնալը կամավոր գործընթաց է և չի խանգարի ՍԴ արդյունավետ աշխատանքին, իսկ վաղաժամկետ թոշակի ուղարկելու առաջարկվող սխեման չի հակասում միջազգային ստանդարտներին: Ի դեպ, հանձնաժողովը նաև կարևորում է իրավական համակարգի կայունությունը և ընդունելի չի համարում, որ Սահմանադրական դատարանի կազմը փոխվի ամեն անգամ, երբ փոխվում է կառավարությունը:
Ինձ թվում է, այստեղ ո՛չ իշխանության, ո՛չ էլ Հրայր Թովմասյանի երկրպագուներն առանձնապես ցնծալու հիմքեր չունեն: Եթե դուք ծառ եք տնկում և կասկածում եք՝ դա ծիրանի ծառ է, թե խնձորի, ապա, հնարավոր է, կդիմեք որևէ բուսաբանի, որը կհայտնի իր փորձագիտական կարծիքը: Կարող եք չդիմել կամ կարող եք դիմել, բայց այդ կարծիքը բանի տեղ դնել-չդնելը՝ դա արդեն ձեր գործն է: Բայց տեսնել այդ բուսաբանի եզրակացության մեջ ձեր ծրագրերի հաստատումը կամ մերժումը՝ դա, մեղմ ասած. միամիտ կեցվածք է:
Երբ մի քանի տարի առաջ Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություններ էր ներկայացնում նախորդ իշխանության նախագծերի վերաբերյալ (այդ թվում վերջին սահմանադրական փոփոխությունների), այն մարդիկ, որոնք հիմա այդ հանձնաժողովի տեսակետները ներկայացնում են գրեթե որպես աստվածաշնչյան ճշմարտություններ, վերջին խոսքերով հայհոյում էին ԵԽ փորձագետներին և նրանց անվանում էին «Վենետիկի մարմնավաճառներ»: Հիմա հանձնաժողովի եզրակացության մեջ հիմք են տեսնում՝ Հրայր Թովմասյանին «գործից հանելու»:
Բայց իշխանության այդ «սևեռուն գաղափարն» իրականացնելու համար «Վենետիկը» չի օգնի: Ճիշտը, երևի, ՍԴ-ն շրջափակելն է ու թմբուկ խփելը»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4015 դիտում
10:51 25-10-2018
Եթե մարդը քայլել է, վանկարկել է, թմբուկ է խփել, դա ամենևին երաշխիք չէ, որ նա չի այլասերվի․ «Առավոտ»
Այս բաժնից
1318 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»
1483 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»