211652_close_icon
views-count4018 դիտում article-date 10:51 25-10-2018

Եթե մարդը քայլել է, վանկարկել է, թմբուկ է խփել, դա ամենևին երաշխիք չէ, որ նա չի այլասերվի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Չնայած «վարչապետ չընտրելու» ԱԺ նիստի գաղափարն ինձ բավականին ծիծաղաշարժ է թվում, բայց, ո՞վ գիտի, գուցե գործող Սահմանադրության ոչ այնքան հստակ ինչ-որ կետեր պահպանելու համար այն պետք է անցկացվեր: Բոլոր դեպքերում դա իսկապես լավ առիթ էր ներքաղաքական իրավիճակը քննարկելու համար, և այդ առումով վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ արձանագրումներ է արել: Դրանցից ամենաէականը «հեղափոխություն-իշխանափոխություն» երկվության վերլուծությունն էր, որի ընթացքում, մասնավորապես, արտահայտվել է հետևյալ միտքը. «Պետական կառավարման համակարգը, եթե ոչ ամբողջությամբ, առնվազն մի հսկայական մասով ոչ միայն գործում է հին տրամաբանությամբ և սովորույթներով, այլև հին համակարգի վերադարձի թաքուն հույսը սրտի մեջ պահած»: Իրավիճակի նկարագրությունը ճշգրիտ է, բայց դրան հետևած պնդումը վիճելի է՝ այդ հին տրամաբանությամբ գործող մարդկանց «ներշնչանքի աղբյուրը խորհրդարանական նախկին մեծամասնությունն է և նախկին իշխող համակարգը»: Կաշառակերներն ու կոռուպցիոներները սթափ, պրագմատիկ մարդիկ են՝ նրանք քաղաքական գործիչներ չեն, նախկին նախագահներ չեն, որ տարիներով պալատականների հեքիաթներն էին լսում այն մասին, թե ժողովուրդն ինչպես է իրենց սիրում և, հետևաբար, իրականության մասին խեղված պատկերացում ունեն: Պետական բյուրոկրատիան և օլիգարխիան (որը հաճախ նույնն է) այնքան միամիտ չէ, որ հույսը դնի քաղաքական մի ուժի վրա, որը մի շաբաթից, ժամանակավորապես թե ընդմիշտ, հեռանալու է ասպարեզից: Դա նույնն է, եթե ասեինք, որ 1990-91 թվականներին անազնիվ մտադրություններ ունեցող մարդիկ հույսը դրել էին կոմունիստների վրա: Պարզ չէ՞, որ նրանց ներշնչանքի աղբյուրը… ՀՀՇ-ն էր: Այդպես էլ հիմա է: Կոռուպցիոներների հույսը մի կողմից՝ իրենց սեփական հարմարվողականությունն է կամ, եթե կենսաբանական եզրույթ օգտագործենք՝ «միմիկրիան», մյուս կողմից՝ հեղափոխականների աստիճանական այլասերումը: Պատահական չէ, որ օլիգարխիան արդեն ամբողջությամբ պաշտոնապես անցել է նոր իշխանությունների կողմը, հատկանշական է նաև, որ թե՛ Երևանի ավագանու, թե՛ ՏԻՄ վերջին ընտրությունների ժամանակ որոշ տեղերում ՔՊ-ի շտաբների մոտ սկսեցին պտտվել այն նույն մարդիկ, որոնք նախորդ ընտրություններում «աշխատում էին» ՀՀԿ-ի համար: Իսկ գույնը փոխելը և բոցաշունչ հեղափոխական, հակաՀՀԿ-ական ճառեր արտասանելը զուտ տեխնիկայի հարց է: Մի՞թե մենք այդ ամենը չենք անցել: Ինչպես անել, որ այդ ամենը չկրկնվի՝ այդ հարցի ամբողջական պատասխանը ես չգիտեմ: Կարող եմ միայն ասել, որ ես հույսս չէի դնի միայն հեղափոխականների վրա: Եթե մարդը քայլել է, վանկարկել է, թմբուկ է խփել, եթե նա անգամ անձամբ նվիրված է հեղափոխության լիդերին, դա ամենևին երաշխիք չէ, որ նա չի այլասերվի: Համենայնդեպս, նախորդ տարիների փորձը դա՛ է ցույց տալիս»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր