211652_close_icon
views-count5793 դիտում article-date 23:21 13-10-2019

Հրանուշ Խառատյան. Իսկապե՞ս Մոսկվայի, հետևաբար նաև Կարսի պայմանագրերը ավարտման ժամկետ ունեն

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր 1921թ. Կարսի հայ-թուրքական պայմանագրի 98-րդ տարին է լրանում: Դրանից առաջ, մարտ ամսին, ստորագրվել էր Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը, որով Խորհրդային Ռուսաստանը ըստ էության պարտավորվել էր Հայաստանին պարտադրել Մոսկվայի պայմանագրով թուրքերի պարտադրած սահմանները, որով Կարսն ու Արդահանը անցնում էին Թուրքիային՝ Արարտեան դաշտի հարավային մասում, Արաքսի աջ ափին գտնվող Իգդիր կենտրոնով Սուրմալուի գավառի՝ պատմական Մասեացոտնի և Արարատ լեռան հետ միասին, որը, ի տարբերություն Կարսի, երբեք Օսմանյան կայսրության մաս չէր եղել: Միջազգայնորեն չճանաչված երկու երկրների դե ֆակտո իշխանությունները պայմանագիր էին ստորագրել նաև երրորդ երկրների՝ խորհրդայնացված Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի անունից: Մոսկվայի պայմանագրի ստորագրման պահից միշտ խոսվել է այն մասին, որ այդ պայմանագիրը կնքվել է հարյուր տարով, իսկ ցեղասպանությունից փրկված հայ փախստականների մեջ խոսվում էր այն մասին, որ այդ պայմանագիրը 25 տարով է: Այդպես են համոզված նաև Վրաստանում: Սա, ի դեպ, պատճառներից մեկն էր, որ փախստականները չէին հեռանում սահմանամերձ շրջաններից՝ համոզված լինելով, որ եթե ոչ շուտով, ապա առնվազն 25 տարի հետո, հենց որ պայմանագրի ժամկետն ավարտվի, իրենք պիտի վերադառնան հայրենիք: 25 տարին լրացավ 1946թ., և, ինչպես հայտնի է, Ստալինը խնդիր բարձրացրեց Կարսը վերադարձնելու մասին: Բայց որևէ հրապարակման մեջ, որքան ինձ հայտնի է, խոսք չի եղել, որ խնդիրը բարձրացվել է պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ: Իսկ արևմտահայ փախստականներն արդեն անցել էին ստալինյան ռեպրեսիաների մսաղացով և հասկացել, որ պետական մակարդակի որևէ հարց բարձրացնելը ԽՍՀՄ-ում հղի է ամենամեղմը Սիբիր աքսորվելով: Եթե իսկապես Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը հարյուր տարվա ժամկետ ունի, ապա մեկուկես տարի անց, 2021թ. մարտին լրանում է այդ հարյուր տարին: Պայմանագիրը ստորագրելու պահին Կարսը ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի մաս էր, և Ռուսաստանն էլ հենց որպես Հայաստանի մաս է հանձնել Թուրքիային: Իգդիր կենտրոնով Սուրմալուն էլ՝ հետը: Կարսի պայմանագրով Հայաստանը վավերացրել է իր համաձայնությունը Մոսկվայի պայմանագրին՝ Կարսը, Արդահանը և Սուրմալուն Թուրքիային է հանձնվել որպես Հայաստանի մաս: Պիտի պասիվ սպասե՞նք, թե ներկայիս Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է կամ չի պատրաստվում բարձրացնել Մոսկվայի պայմանագրի ժամկետը լրանալու հարցը, կամ՝ ունի՞ արդյոք այդ կապակցությամբ որևէ քննարկում Թուրքիայի հետ, թե՞ կարող ենք բանակցել/պիտի բանակցենք մեր ռազմավարական դաշնակցի հետ: Եվ առհասարակ կարո՞ղ ենք թեկուզ Հայաստանի կառավարման ամենաբարձր մակարդակով մեր ռազմավարական դաշնակցի հետ ճշտել՝ իսկապե՞ս Մոսկվայի, հետևաբար նաև Կարսի պայմանագրերը ավարտման ժամկետ ունեն»:

Նմանատիպ նյութեր