211652_close_icon

Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին պաշտպանելու ուղղությամբ․ վարչապետ

views-count2946 դիտում article-date 13:37 10-10-2019
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ օրակարգին անցնելը, անդրադաձավ երեկ Թուրքիայի զինված ուժերի ներխուժմանը Սիրիայի Արաբական Հանրապետություն: Նա նշեց, որ ՀՀ ԱԳՆ-ն համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել: «Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է ներխուժման այդ գործողությունը և մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև մեր գնահատմամբ՝ այդ գործողությունը ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճնգաժամը: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»,-ասաց նա: Վարչապետը հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունը Հալեպում իրականացնում է մարդասիրական առաքելություն, որն ուղեկցվում է հաջողությամբ և շարունակական բնույթ է կրում։ Վարչապետն ասաց նաև, որ կարծում է՝ Կառավարության նիստից հետո դռնփակ ռեժիմով քննարկում կանեն և մտքեր կփոխանակեն՝ հնարավոր զարգացումների և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր