211652_close_icon
views-count530 դիտում article-date 17:40 01-10-2019

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Սինգապուրի Հանրապետության ավագ նախարարին

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ֆինասների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Սինգապուրի Հանրապետության ավագ նախարար և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Ջանջուղազյանը ներկայացրել է ՀՀ մակրոտնտեսական կայունության ապահովմանն ու պարտքի արդյունավետ կառավարմանն ուղղված քայլերը, հարկաբյուջետային կանոնների կիրառման սկզբունքները և բարենպաստ գործարար միջավայրի ու ներդրումների ներգրավմանը նպաստող պայմանների ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նախարարն անդրադարձել է նաև հարկային ոլորտի բարեփոխումներին՝ նշելով, որ նպատակ է դրվել վերհանել ոլորտում առկա խնդիրները և առաջարկել համապարփակ լուծումներ: Թարման Շանմուգարատնամն իր հերթին ներկայացրել է Սինգապուրի պրոգրեսիվ հարկաբյուջետային համակարգը, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում վարվող արդյունքահեն քաղաքականության սկզբունքները, ինչպես նաև պահպանողական մոտեցումների դերը պետական կառավարման համակարգում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև կարողությունների զարգացմանը, երկրի վստահելիության տեսանկյունից միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության առանձնահատկություններին և տնտեսական աճի խթանմանն ուղղված քայլերին առնչվող հարցեր: Ս.թ. հուլիսի 8-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին» համաձայնագիրը: Համաձայնագրի կիրառությունը երկու կողմի ներդրողների համար կձևավորի կանխատեսելի հարկային դաշտ, կխթանի երկու երկրների միջև փոխադարձ ներդրումային հոսքերը, ինչպես նաև կակտիվացնի առևտրատնտեսական կապերը: Այդ նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը սկսել է համաձայնագրի վավերացման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերը, որոնք ավարտելուց հետո համաձայնագիրը ներկայացվելու է ՀՀ Ազգային ժողով վավերացման համար:

Նմանատիպ նյութեր