211652_close_icon
views-count12794 դիտում article-date 10:35 28-09-2019

Նիկոլ Փաշինյան-Սասուն Միքայելյան կոնֆլիկտը կարող է նոր թափ ստանալ. «168 Ժամ»

«168 Ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյան-Սասուն Միքայելյան դեռևս լուռ հակամարտությունը կարող է նոր թափ ստանալ: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի հանդուրժում բոլոր նրանց, ովքեր համարձակվում են իրեն հակադարձել կամ չհամաձայնել իր տեսակետի հետ: Վերջին նման ցայտուն օրինակը հենց Սասուն Միքայելյանն է, ով համարձակվել էր հրապարակավ հակադարձել իրեն: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ից Նիկոլ Փաշինյանը պատասխանելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ ասել էր, թե Վանեցյանն իր այդ հայտարարությամբ «աղբամանը նետեց իր ուսադիրները»: Սրան հաջորդեց Սասուն Միքայելյանի կոշտ պատասխանը՝ նախ հիշեցնելով, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին, որ ԱԱԾ նախկին պետն իր ընկերն է, որի հետ նա ճանապարհ է անցել, ու մնալու է իր ընկերը, ապա նաև հայտարարել էր, թե ոչ ոք իրավունք չունի ասել՝ «ուսադիրները նետեց աղբամանը», քանի որ ինքն էլ է ուսադիր կրել: Նիկոլ Փաշինյանին ճանաչողները շատ լավ գիտեն, որ նման հայտարարությունն անհետևանք չի կարող մնալ: Ենթադրվում է, որ այդ մասին գիտի նաև Սասուն Միքայելյանը: Սակայն, մեր տեղեկություններով, Ս. Միքայելյանը նեղ շրջապատում հայտարարել է, որ ինքն այլ բան ասել չէր կարող, և նման հայտարարություն անելով՝ ինքն առաջին հերթին՝ պաշտպանել է իր ուսադիրը, որի արժեքը չեն կարող իմանալ բանակում ծառայություն չանցածները: Մամուլի հրապարակումների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը դեռևս ԱՄՆ-ից զանգահարել է իր մտերիմ կուսակիցներին և հանձնարարել իր բացակայության ընթացքում զգոն լինել անհնազանդ կուսակիցների ու պատգամավորների գործունեության նկատմամբ՝ մինչև իր վերադարձը: «Իմ քայլը» խմբակցության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ն. Փաշինյանը խմբակցության ներսում չի քննարկել Սասուն Միքայելյանի հարցը, քանի որ չի վստահում նրանց, ուստի այդ հարցը նա քննարկել է իր վստահելի մի քանի կուսակիցների հետ: Նրանք են՝ Հակոբ Սիմիդյանը, Լիլիթ Մակունցը, Ռուբեն Ռուբինյանը, Տիգրան Ավինյանն ու Էդուարդ Աղաջանյանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր