211652_close_icon
views-count1643 դիտում article-date 19:25 16-09-2019

Մեկնարկել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Լիտվա. կայացել է հանդիպում Լիտվայի ԱԳ նախարարի հետ

Լիտվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում սեպտեմբերի 16-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց լիտվացի իր գործընկերոջը` Լինաս Լինկևիչուսին: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նախարար Մնացականյանը նշեց, որ Լիտվան Հայաստանի կարևոր գործընկերներից է Եվրոպայում, և Հայաստանը պատրաստակամ է շարունակելու քայլեր ձեռնարկել՝ ուղղված բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Նախարար Մնացականյանի բնորոշմամբ՝ ամուր հիմքեր ունեցող հայ-լիտվական հարաբերությունների առանցքում ընկած է փոքր երկրների համերաշխությունը և անկախության ուժեղ զգացողությունը: Արտգործնախարարները վերահաստատեցին փոխադարձ հանձնառությունը` համատեղ ջանքեր գործադրելու երկկողմ օրակարգի առավել խորացման և հարստացման ուղղությամբ: Այդ համատեքստում կարևորվեց տարբեր հարթակներում և մակարդակներում քաղաքական երկխոսությունը: Որպես համագործակցության առաջնային ուղղություններ` առանձնահատուկ կարևորվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, բանկային, բնապահպանական, բիոտեխնոլոգիաների, այլընտրանքային էներգիայի և մշակույթի ոլորտները: Հայաստանի և Լիտվայի արտգործնախարարները համակարծիք էին, որ բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտներում երկու երկրները ձևավորել են մեծ փորձ և ներկայումս առկա է այդ ոլորտների անմիջական դերակատարներին ներգրավվելու հարթակ ձևավորելու անհրաժեշտություն՝ երկկողմ համագործակցության նոր հեռանկարներ ուղենշելու և փորձի փոխանակման նախաձեռնություններ մշակելու համար: Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից ժողովրդի լայն մանդատի հիման վրա իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ որպես գերակայություն ընդգծելով դատաիրավական համակարգի բարեփոխումը, դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացումը: Առանձնահատուկ կարևորվեց այս գործընթացում միջազգային և տարածաշրջանային գործընկերների աջակցության համակարգումը, առկա փորձագիտության արդյունավետ օգտագործումը։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը բարձր գնահատեց Լիտվայի գործընկերների պատրաստակամությունն աջակցելու Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին: Անդրադարձ կատարելով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում համագործակցության խորացման շուրջ: ԵՄ և ԵՄ երկրների հետ համագործակցությունում ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ կարևորեց մարդկանց միջև շփումների խրախուսումը և շնորհակալություն հայտնեց լիտվացի իր գործընկերոջն այդ հարցում ցուցաբերվող աջակցության համար: ԱԳ նախարարներն անդրադարձան նաև Արևելյան գործընկերության նախաձեռնությանը և վերջինիս զարգացման տեսլականին: Տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում միջազգային և տարածաշրջանային արդի հարցերի շուրջ: Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Հանդիպման ավարտին Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:

Նմանատիպ նյութեր