211652_close_icon
views-count1555 դիտում article-date 21:55 12-09-2019

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ վարդապետական թեզերի պաշտպանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 12-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ վարդապետական թեզերի բանավոր պաշտպանություն: Մասնավոր վարդապետության աստիճանի համար թեզեր պաշտպանեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Հոգեշնորհ Տ. Գրիգոր աբեղա Խաչատրյանը («Այլադավանների Հայ Առաքելական Եկեղեցի վերադարձնելու խնդիրը և դրա արծարծումը պատմական զարգացման առանձին փուլերում»), Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանը («Այրիվանքը (Գեղարդավանքը)՝ որպես գրչության կենտրոն»), Մայր Աթոռի «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Հոգեշնորհ Տ. Անդրեաս աբեղա Եզեկյանը («Հովհան Մայրագոմեցին և նրա աստվածաբանական հայացքները») և Հոգեշնորհ Տ. Գրիգորիս աբեղա Շոխիկյանը («Մարդու անկումը և սկզբնական մեղքի վարդապետությունը. հայ ծիսական ավանդության և 20-րդ դարի հայ քրիստոնեականների համեմատական վերլուծություն»): Հանձնաժողովը նախագահում էր Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը և Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Պաշտպանության ընթացքում Մայր Աթոռի միաբանները ներկայացրեցին իրենց վարդապետական թեզերը, լուսաբանություններ տվեցին հանձնաժողովի անդամների ու ներկաների հարցերին: Հավարտ բանավոր պաշտպանության, հանձնախումբը դրական եզրակացություն տվեց վարդապետական թեզերի պաշտպանության վերաբերյալ և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի չորս միաբաններին մասնավոր վարդապետության աստիճանին արժանի համարեց: Առաջիկա օրերին, Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ, ձևավորված ավանդության համաձայն, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Հոգեշնորհ Տ. Գրիգոր աբեղա Խաչատրյանը, Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանը, Տ. Անդրեաս աբեղա Եզեկյանը և Տ. Գրիգորիս աբեղա Շոխիկյանը տվչության հատուկ արարողությամբ կստանան մասնավոր վարդապետության աստիճանները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր