211652_close_icon
views-count2362 դիտում article-date 20:54 12-09-2019

Հայ լուսանկարչությունը հսկայական ավանդույթներ է ունեցել և ունի. նախագահ Սարգսյանը բացել է հայ անվանի լուսանկարիչների աշխատանքների ցուցադրությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայկական առաջին միջազգային ֆոտոփառատոնի շրջանակներում Հանրապետության նախագահի նստավայրում սեպտեմբերի 12-22-ը կգործի «Հայ լուսանկարչության պատմական ժառանգությունը» խորագիրը կրող բացօթյա ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով կարևորեց նմանատիպ ցուցահանդեսների կազմակերպումը: Ըստ նախագահի՝ լուսանկարչությունը արդի աշխարհի անբաժան մասն է դարձել. մարդկանց մեծ մասն այդ մասնագիտությունը ունի, սակայն մոռանում է, որ իրականում լուսանկարչությունը, նախ և առաջ, մեծ արվեստ է: «Լուսանկարը նաև պատմություն է, և այսօրվա ցուցահանդեսը հենց դա է ապացուցում: Լուսանկարը ոչ միայն պատմական փաստ է կամ կերպար է, այլ նաև հսկայական տեղեկություն է պարունակում մարդկանց և ժամանակի մասին: Լուսանկարը նաև խորը հոգեբանական արվեստ է, որովհետև շատ հաճախ լուսանկարի մեջ տեսնում ենք մարդու հոգեբանական վերլուծությունը»,- ասաց նախագահը: Անդրադառնալով հայ լուսանկարիչներին՝ Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ հայ լուսանկարչությունը հսկայական ավանդույթներ է ունեցել և ունի, ինչպես նաև մեծ ներդրում է ունեցել համաշխարհային լուսանկարչական ոլորտում: «Ուղղակի պատմական փաստ է, որ մենք, մանավանդ Միջին Արևելքում, շատ մեծ դեր ենք ունեցել լուսանկարչության զարգացման մեջ: 1865 թվականին Եսայի արքեպիսկոպոս Կարապետյանը,, ով Երուսաղեմի Հայոց պատրիարքն էր, լուսանկարչական դպրոց է հիմնադրել և այդ դպրոցից մեծ անուններ են դուրս եկել: Այդ հայ մեծանուն լուսանկարիչներից են Աբդալահ եղբայրները, Անտուան Սևրուգինը և այլն, և այլն»,- ասաց նախագահը: Բացառիկ ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են համաշխարհային լուսանկարչության հայ այնպիսի մեծ վարպետների գործեր, ինչպիսիք են Յուսուֆ Քարշը, Իդա Քարը, Արա Գյուլերը և այլք: Հայկական առաջին միջազգային ֆոտոփառատոնի հիմնադիր և կազմակերպիչ Տաթև Մնացականյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսը շատ կարևոր դեր ունի, քանզի ներկայացված են հայ լուսանկարչության ամենաակնառու դեմքերն ամբողջ աշխարհում, ովքեր պատմություն են ստեղծել իրենց մեկ կադրով: « Շատ կարևոր քայլ է առաջին անգամ լուսանկարչական փառատոն անցկացնելը, քանի որ բավականին մեծ և հարուստ պատմություն ունենք: Կարծում եմ՝ սա գեղեցիկ հիմք կլինի և շարունակական բնույթ կկրի: Նախագահականի նստավայրում ցուցահանդեսը կազմակերպելու առաջարկը եղել է իմ կողմից, և պարոն նախագահը ընդունեց այդ առաջարկը: Հանրության համար ցուցահանդեսը բաց է լինելու, և բոլորը կարող են տեսնել այդ լուսանկարները»,- ասաց Մնացականյանը: Լուսանկարները տրամադրել է Անդրանիկ Քոչարի լուսանկարչական թանգարանը, իսկ ցուցահանդեսի հավաքածուի մշակման վրա աշխատել է անվանի լուսանկարչի որդին՝ Վահան Քոչարը: Հայկական առաջին միջազգային ֆոտոփառատոնը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո և տևելու է մեկ ամիս՝ մինչև սեպտեմբերի 24-ը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր