211652_close_icon
views-count1116 դիտում article-date 17:18 10-09-2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ քննարկել է «Ներառական աճի դիագնոստիկա» գնահատում-զեկույցը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ)հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը: Նախարարն իր ողջույնի խոսքում նշել է. «Այսօր շատ կարևոր հարց ունենք օրակարգում՝ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից պատրաստված «Ներառական աճի դիագնոստիկա» գնահատում-զեկույցը, քանի որ ներառականությունը առաջիկա տնտեսական աճի ամենակարևոր առանձնահատկությունը պետք է լինի»։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել հանդիպմանը մասնակցող պատվիրակության անդամներին: ՀՀ էկոնոմիկայի նախարարին զեկույցը ներկայացրել են ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոնի գրասենյակի ավագ տնտեսագետներ Փոլ Օլիվերը և Ջոզեֆ Սփնաջերսը: Այն հիմնականում առնչվում է Հայաստանում ներառական աճին խոչընդոտող խնդիրներին և ռիսկերին։ Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են զեկույցում առկա պնդումները, մտքեր փոխանակել արտահանմանը միտված տնտեսության զարգացման վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ աշխատանքային քննարկում ծավալել զեկույցի խորքային ուսումնասիրության և հետագա համատեղ աշխատանքների վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր