Փոխարտգործնախարարն անդրադարձել է ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքի հետ կապված խնդրին
Ռուսաստանի Դաշնությունում հայկական վարորդական իրավունքով երթևեկողների նկատմամբ դրսևորվող սահմանափակումների հարցով Հայաստանի Հանրապետությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել:
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ՀՀ Ազգային ժողովում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Ընդամենը երեկ Մոսկվայում Եվրասիական տնտեսական խորհրդի նիստն էր, որտեղ օրակարգում կրկին կար այդ հարցը: Այդ հարցը երկու ուղղությամբ է քննարկվում՝ բազմակողմ և երկկողմ: Բազմակողմ, քանի որ համապատասխան պայմանագիրը Եվրասիական տնտեսական միության մասին չի նախատեսում նման սահմանափակում: Երկկողմում, քանի որ այս սահմանափակումն իրականացվել է համապատասխան ռուսական օրենքով, և այդ օրենքն այնպես է ընդունվել, որ անդամ պետություններից միայն Հայաստանի վրա է տարածվում այդ սահմանափակումը: Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, և մենք հույս ունենք, որ կկարողանանք հասնել արդյունքի»,- ասաց Քոչարյանը: