211652_close_icon
views-count1250 դիտում article-date 16:22 07-09-2019

ԵՊԲՀ-ում սերունդների կապը չի ընդհատվում. 30 տարվա շրջանավարտներն այսօր հարազատ բուհում էին

Հիմնանորոգված 4-րդ լսարանում 30 տարի առաջ բժշկական համալսարանն ավարտած ուսանողներն այսօր համախմբվել էին հարազատ բուհում: Նախկին շրջանավարտների մեծ մասն արդեն հայտնի բժիշկներ են թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի տարբեր երկրներում։ Հանդիպման կազմակերպիչը բեյրութահայ քիթ-կոկորդ-ականջաբան, պլաստիկ վիրաբույժ Կարպիս Բաբոյանն էր։ Նա նշեց, որ միտքը հղացել էր դեռ անցյալ տարի սեպտեմբերին և ընկերների հետ կիսվելով, որոշում են կայացրել իրագործել այն: «Սա լավ առիթ է, որ մենք մեր շնորհակալությունը հայտնենք երկրին, այս կառույցին, մեր ուսուցիչներին, որոնք մեծ լումա ունեն մեր հաջողությունների մեջ: Ամեն մի հայ իր հերթին պետք է կարողանա հայրենիքի համար մի բան անել: Հույս ունեմ, որ այլ հանդիպումներ էլի կունենանք, և գործնական քայլեր կձեռնարկենք համալսարանի համար, կաջակցենք հաջորդ լսարանի բացվելուն»,-ասաց նա: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով ներկաներին նշեց՝ շատ կարևոր է, որ շրջանավարտները փորձում են համախմբվել բժշկական համալսարանի շուրջը, որն ունի 100 տարվա պատմություն և գրանցել է շոշափելի հաջողություններ: «Բժշկական համալսարանն այս պահին իր անհավանական հաջողություններն է վայելում: Մենք ֆինանսական որևէ խնդիր չունենք, մենք այնքան կայուն վիճակում ենք, որ կարող ենք թույլ տալ «Հերացի» ավագ դպրոցն ամբողջովին վերցնել մեզ վրա, այնքան կայուն ենք, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կարողացանք մի շարք մանկական ծրագրեր իրականացնել, գնել Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը, նեցուկ կանգնել վիրավոր զինվորներին... Բժշկական համալսարանն իրական համալսարան է: Իհարկե կան դժվարություններ, ճանապարհ անցնող մարդը չի կարող դժվարություններ չունենալ: Մենք շարունակելու ենք ստեղծել լսարաններ, գրադարաններ»,-ասաց Արմեն Մուրադյանը՝ նշելով, որ առաջարկում է հաջորդ՝ 5-րդ լսարանը, կոչել Հերացի շրջանավարտների անունով, ինչը մեծ ծափողջույններով ընդունվեց բոլորի կողմից: Հանդիպմանը ներկա բժշկական համալսարանի նախկին ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը ևս ուրախությամբ հույս հայտնեց, որ նման հանդիպումները կլինեն շարունակական. «ԵՊԲՀ-ն քայլ առ քայլ առաջընթաց է գրանցում, համալսարանի ամեն մի հաջողություն յուրաքանչյուր րոպե ուրախություն է պարգևում ինձ: նման դրական քայլերի շարունակությանը պետք է նպաստեք նաև դուք ՝ ձեր գործունեությամբ»: Այնուհետև ելույթներով հանդես եկան ոչ միայն նախկին շրջանավարտները՝ ջերմ ողջույնի խոսքեր հղելով միմյանց, այլև ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը: Իսկ հանդիպման ավարտին 30 տարվա շրջանավարտները ստորագրեցին ԵՊԲՀ դրոշի վրա, որը ևս կծածանվի Արարատ լեռան վրա:

Նմանատիպ նյութեր