2851 դիտում
16:51 07-09-2019
ԵՊՀ 100-ամյակի պուրակը՝ մեկդարյա համալսարանի խորհրդանիշ. տեղի է ունեցել հուշաքարի բացման արարողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ 100-ամյակի պուրակի հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը:
Հայ ժողովրդի կյանքում հարյուր տարի առաջ տեղի ունեցած պատմական կարևոր իրադարձությանը՝ ԵՊՀ-ի հիմնադրմանը, նվիրված պուրակը համալսարանականների կողմից հիմնադրվել է այս տարվա ապրիլին:
Համալսարանականների կողմից ծառատունկն արդեն կայացած ավանդույթ է, որը սկիզբ է դրել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը: Հենց նրա աջակցությամբ և շնորհիվ համալսարանականներն արցախյան այդ տարածաշրջանում արդեն տասը հազար ծառ են տնկել:
ԵՊՀ 100-ամյակի պուրակի հուշաքարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև Քաշաթաղի շրջանի վարչական ղեկավար Ստեփան Սարգսյանը:
«Հուսով եմ՝ համալսարանականներն իրենց բարի գործերով մշտական ներկայություն կունենան այս տարածաշրջանում: Ծառատունկի բարի ավանդույթը կշարունակվի այնքան, ինչքան ԵՊՀ-ում կլինեն ուսանողներ: Եվ քանի որ պուրակը նվիրված է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին, հուսանք, որ մեր համալսարանը կլինի նույնքան հզոր և երկարակյաց, որքան ընկուզենին հայոց հողում»,- հուշաքարի բացման արարողության ժամանակ ասաց Գեղամ Գևորգյանը:
Համալսարանականները խորհրդանշական ծառեր տնկեցին ԵՊՀ 100-ամյակի պուրակում, որը Լևոն-Զավեն Սյուրմելյանի հայտնի բանաստեղծության տողերով օրհնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը:
Մեզ հետ զրույցում նա ասաց, որ պուրակի հիմնադրումը տեղի է ունեցել ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում. «Համալսարանականների կողմից հիմնադրված բոլոր պուրակները զարդարում են այս տարածաշրջանը: Ժողովուրդը, որը ծառ է տնկում, այգի է ստեղծում, գիտի, որ հավերժական կապված է այդ հողի հետ: Հետագա քայլերի համար էլ լինենք պատրաստ, քանի որ սա պայքար է հողի, հայրենիքի, սահմանի համար, իսկ ԵՊՀ-ն կերտողն է, ուժ, կորով և զորություն տվողն է ժողովրդին»:
Քաշաթաղի շրջանի վարչական ղեկավար Ստեփան Սարգսյանն ասաց, որ որպես ԵՊՀ-ական՝ իր համար մեծ պատիվ է, որ համալսարանի 100-ամյակին նվիրված պուրակը հիմնադրվել է հենց այս տարածաշրջանում. «Այն նաև շատ խորհրդանշական է. սա մեր ազատագրված հայրենիքն է, և Մայր բուհը անմասն չի մնում այստեղի վերաբնակեցման և շենացման գործընթացից: Ամեն տարի ԵՊՀ ուսանողները գալիս են, ծառ տնկում և այդպիսով կապվում այս հողի հետ»:
[b]Քնար Միսակյան
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1930 դիտում
19:38 17-04-2015
Հուշաքարի բացման արարողություն՝ Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում
1900 դիտում
14:24 04-07-2019
ԵՊՀ շրջանավարտների միավորումը «Համալսարանական» պուրակը նվիրում է ԵՊՀ 100-ամյակին
Այս բաժնից
640 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
964 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության