211652_close_icon
views-count1372 դիտում article-date 12:52 06-09-2019

Դատարան է ուղարկվել Հրազդանի քաղաքապետարանում նախկին քաղաքապետի և աշխատակազմի 8 աշխատակցի կողմից 138 մլն դրամի հափշտակության վերաբերյալ քրգործը

2018թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունից ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն է ուղարկվել Հրազդանի համայնքապետարանում իրականացված աուդիտի արդյունքում կազմված հաշվետվությունը, համաձայն որի՝ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը չի կազմակերպել գույքային հարկերի վճարումների օրինական ընդունումը, իսկ համապատասխան ստորաբաժանման ղեկավարը չի ապահովել իր աշխատողների միջոցով գույքային հարկերի ամբողջական մուտքագրում համայնքի բյուջե: Նախապատրաստված նյութերով դեպքի առթիվ 2018թ․նոյեմբերի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 315-րդ հոդվածի 2-րդ մասի և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ Չարենցավանի քննչական բաժնում: Դատախազական պատշաճ հսկողության ներքո իրականացված ծավալուն օբյեկտիվ, ամբողջական և բազմակողմանի քննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում Հրազդանի քաղաքապետարանում բազմաթիվ պաշտոնատար անձանց ներգրավմամբ գործել է հանցավոր կոռուպցիոն սխեմա, որի միջոցով յուրացվել են հողի հարկի և գույքահարկի գծով հավաքագրված գումարների մի մասը՝ առանձնապես խոշոր չափերով: Մասնավորապես, հիմնավորվել է, որ Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի հարկային բաժնի մասնագետները, 2015-2018թթ. ընթացքում բնակիչներից գանձելով գույքային վճարներ, դրանց մի մասի գումարի չափի վերաբերյալ անդորրագրերի՝ բնակչին տրվող առաջին օրինակում նշել են գանձված գումարի իրական չափը, երկրորդ օրինակում՝ պակաս չափ: Ապա գանձված գումարի տարբերությունը հանձնել նույն բաժնի առաջատար մասնագետին: Վերջինը, նշված գումարը հանձնել է բաժնի պետին, ով ստացած գումարի մի մասը վերադարձրել է օպերատորին, իսկ վերջինս այն հավասար բաժանել է իր և հավաքագրում կատարած մասնագետի միջև: Արդյունքում հավաքագրվել, սակայն Հրազդանի համայքնապետարանի բյուջե չի մուտքագրվել ընդհանուր ավելի քան 138մլն ՀՀ դրամ գումար: Պարզվել է, որ նշված ժամանակահատվածում, ամեն աշխատանքային օր, հարկային բաժնի աշխատակիցները նախորդ օրը հավաքագրված և անդորրագրերի երկրորդ օրինակում նշված գույքային հարկերի գումարները հանձնել են բաժնի պետի տեղակալին: Վերջինը, անձամբ կամ բաժնի պետի միջոցով իր մոտ հավաքված գումարի չափի մասին տեղեկացրել է Հրազդան համայնքի ղեկավար Ա. Դ.-ին: Վերջինս բաժնի պետին կամ տեղակալին հանձնարարել է, թե հավաքված գումարից որքանը պահել իրենց մոտ և որքան գումար մուտքագրել համայնքի բյուջե, իսկ մնացած մասից, նրա հանձնարարությամբ տրվել է քաղաքապետի կողմից ներկայացած տարբեր անձանց կամ անձամբ հանձնվել Ա.Դ.-ին: Արդյունքում Հրազդանի նախկին քաղաքապետը ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակներով ստացել է 2015-2018թթ. ընթացքում հարկային բաժնի մասնագետների կողմից օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում, որպես հողի հարկ և գույքահարկ հավաքագրված հարկերից ընդհանուր առմամբ ավելի քան 102մլն ՀՀ դրամ գումար և յուրացման եղանակով հափշտակել դրանք՝ Հրազդան համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս: Ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա Ա. Դ.-ին վերջնական մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Քաղաքապետարանի հարկային բաժնի նախկին պետին և տեղակալին վերջնական մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, իսկ նույն բաժնի 6 աշխատակիցների՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, կամ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով: Որպես խափանման միջոց՝ բոլորի նկատմամբ կիրառվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել լիովին կամ մասամբ: Նախաքննության ընթացքում գրեթե ամբողջությամբ վերականգնվել է համայնքին պատճառված վնասը: Քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը 2019թ. օգոստոսի 26-ին հաստատել է 9 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ միասին ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Նմանատիպ նյութեր