211652_close_icon
views-count1555 դիտում article-date 15:57 26-08-2019

Բադասյանը ներկայացրեց ստեղծվելիք հակակոռուպցիոն հանձնաժողովի և կոմիտեի գործառույթները

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին ներկայացրեց Հակակոռուպցիոն ռազմավարության 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրով ստեղծվելիք հակակոռուպցիոն անկախ հանձնաժողի և հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթները: Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/985939.html]Արմենպրես[/url]»-ը, օգոստոսի 26-ին աշխատանքային քննարկման ժամանակ Բադասյանը նշեց, որ նախատեսվում է ունենալ հակակոռուպցիոն անկախ մարմին, որը զբաղվելու է կոռուպցիայի կանխարգելմամբ, ինչպես նաև կոմիտե, որը բացահայտելու է և քննելու կոռուպցիոն հանցագործությունները: Նախարարը նշեց, որ մյուս բաղադրիչներն են լինելու Գլխավոր դատախազության կազմում համապատասխան ստորաբաժանման ավելացումը, որը զբաղվելու է այդ քննության նկատմամբ օրինականության հսկողությամբ, ինչպես նաև հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը: Ըստ Բադասյանի` հակակոռուպցիոն անկախ մարմինը նախականխող նշանակություն կունենա: «Հուսանք, որ սեպտեմբեր-հոկտեմբերին արդեն կունենանք նշանակված անդամներ, և այդ մարմինը կսկսի գործել: Մենք զբաղվում ենք լիազորությունների շարքի ընդլայնմամբ: Այն օրենքը, որն արդեն շրջանառության մեջ է դրված, նախատեսում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշակի լիազորությունների ընդլայնում: Դա հնարավորություն կտա այդ հանձնաժողովին հայտարարագրերն ավելի արդյունավետ վերլուծելու: Հաջորդ քայլը, կրթական ոլորտում հանձնաժողովի լիազորությունների ընդլայնումն է»,- ասաց Բադասյանը: Նախարարի խոսքով` հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ ամբողջությամբ վերանայվելու են իրավապահ համակարգում գոյություն ունեցող քննչական և օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների շարքը, կազմը և նրանց լիազորությունների ծավալը: «Մասնավորապես` Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ Քրեական օրենսգրքում սահմանելու ենք այն բոլոր հանցագործությունների ցանկը, որոնք կոռուպցիոն բնույթ ունեն:Այդ առումով ուշադրություն ենք դարձնելու տվյալ ստորաբաժանումների կողմից մասնագիտական հնարավորությունների բարձրացմանը: Առանձին ուշադրություն ենք դարձնելու ֆինանսական հետաքննությունների իրականացմանը և միջազգային համագործակցությանը, այդ բնագավառում քննիչների և օպերատիվ հետախուզության գործունեություն իրականացնող ստորաբաժանումների, աշխատակիցների մասնագիտական որակների բարձրացմանը»,- ընդգծեց Բադասյանը: Նախարարը հավաստիացրեց, որ չի լինելու մեխանիկական տեղափոխում. եթե Հատուկ քննչական ծառայության որոշակի ստորաբաժանումն այսօր զբաղվում է կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ, չի նշանակում, որ հաստիքները, մի տեղից կրճատելով և մյուս տեղը ավելացնելով, ուղղակի մեխանիկական փոփոխություններ են արվելու: «Նախատեսում ենք ստուգել հակակոռուպցիոն կոմիտեի ցանկացած աշխատակցի բարեվարքությունը՝ կոմիտե մուտք գործելուց առաջ, որովհետև էական է այս բարեփոխումը` և հասարակության կողմից ընկալման և կոռուպցիայի դեմ պայքարի որակի բարձրացման, ինչպես նաև նոր սերնդի մասնագետների պատրաստման առումով»,- ասաց Բադասյանը: Նախարարի խոսքով` նույնը վերաբերվում է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը և Գլխավոր դատախազության համապատասխան ստորաբաժանմանը: Ինստիտուցիոնալ համակարգի վերջին տարրը լինելու է հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը, որոնք զբաղվելու են կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ: «Նախատեսում ենք, որ մինչ դատական վարույթից սկսած մինչև դատական ակտերի կայացման գործառույթները վերապահվելու է այս մասնագիտացված դատարաններին: Այդ դատարանը նաև կարող է ունենալ քաղաքացիաիրավական մասնագիտացում և քննել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը»,- եզրափակեց Բադասյանը:

Նմանատիպ նյութեր