211652_close_icon
views-count1124 դիտում article-date 23:34 21-08-2019

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագիտական խումբն ուսումնասիրություններ է անցկացնում Գյումրիում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի տնօրինության արտակարգ իրավիճակների կանխարգելման և հակազդման ստորաբաժանման ներկայացուցիչներն աշխատանքային այցով Գյումրիում են: Ինչպես տեղեկացնում է [url=https://armenpress.am/arm/news/985589.html]«Արմենպրես»[/url]-ը, համաշխարհային մշակութային ժառանգության մասնագետները կուսումնասիրեն քաղաքի պատմական կենտրոնի կառույցների անվտանգությունն ու տեղի մասնագետների հետ կմշակեն ուղեցույց՝ քայլ առ քայլ ներկայացնելով տվյալ կառույցների պահպանման տեխնիկական նկարագիրն ու անվտանգության նորմերի փաթեթը: Լրագրողների հետ ճեպազրույցում մասնագետները տեղեկացրին՝ թեև իրենք չեն որոշում տվյալ քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության մաս լինելու հարցը, բայց նմանատիպ տեխնիկական ուսումնասիրությունն անչափ կարևոր է, քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անվանական փաթեթն ունենալու համար անհրաժեշտ է երկու բաղադրիչ՝ արժեքների գնահատում և երկրորդ՝ պաշտպանություն ու պահպանություն: «Շեշտը հատկապես աղետների ռիսկերի կառավարման վրա է դրված: Հայկական կողմը պետք է կարողանա պատասխանել այն հարցին, թե ինչպես է պետությունը, կամ համայնքը պատրաստվում պահպանել պատմամշակութային ժառանգությունը, որ հաջորդ երկրաշարժը չկարողանա վնասներ հասցնել»,- նշեց ստորաբաժանման ղեկավար Ջիովաննի Բոկկարդին: Մասնագետները նշեցին, որ քաղաքի պատմական միջուկի շինությունները լուրջ վնասվածքներ ունեն, շատերն անգամ փլված են, բայց անհանգստանալ պետք չէ: «Գյումրու պատմական միջուկն ընդհանուր կառուցվածքով լավ վիճակում է: Դա առաջին տպավորությունն է, բայց կան նաեւ կառուցվածքային թույլ կողմեր: Խնդիրը հիմնականում այդ կառուցվածքային էլեմենտների կապի մեջ է: Իմ տպավորությունն այն է, որ երբ ժամանակը գա, կարողանալու ենք հեշտությամբ կարգավորել խնդիրը»,-նշեց Ջիովաննի Բոկկարդին՝ հավելելով, որ թեև մասնագետները մեկ օր է, ինչ Գյումրիում են, բայց արդեն տպավորված են. «Մենք տպավորված ենք 19-րդ դարի կառույցներով, որոնք իրենց մեջ կրում են ավելի վաղ շրջանի տարրեր: Այդ խառնուրդն է շատ հետաքրքիր»: Հյուրերը նշեցին՝ համաշխարհային այս կառույցի ցանկում ընդգրկվելը երկարատև գործընթաց է՝ քաղաքը պետք է ունենա բացառիկ արժեքներ, որոնք հայկական կողմը պետք է հիմնավորի: Մինչ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության մասը դառնալը, Գյումրին պետք է ընդգրկվի Հայաստանի պատմական ժառանգության նախնական ցանկում, որից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կկատարվի գնահատում: «ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ դառնալը քաղաքին կբերի ճանաչելիություն, որն էլ իր հերթին զբոսաշրջիկների թիվը կավելացնի, որոշակի տնտեսական աճ կարձանագրի, բայց դրանով նաեւ լրջագույն պարտավորություններ է ստանձնում տվյալ երկիրը կամ քաղաքը: Որպես օրինակ կարող եմ բերել քաղաքային համակարգումները, այսինքն՝ կառուցապատումներն ինչպես պետք է արվեն, ինչ սահմանափակումներ կան եւ այլն: Երկրորդ պարտավորությունը վերաբերվում է մարդկային եւ ֆինանսական ռեսուրսներին: Այսինքն, թե ինչքան մարդ եւ ինչքան ֆինանս է անհրաժեշտ տվյալ պատմամշակութային ժառանգությունը պահպանելու համար»,- բացատրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը: Հյուրերը քաղաքում կմնան մինչև օգոստոսի 23-ը: Այս ընթացքում կլինեն ոչ միայն շրջայցեր, այլ նաև հանդիպումներ տեղի մասնագետների հետ, իսկ մինչ այդ նրանց ընդունել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Նմանատիպ նյութեր