Վալերիյ Օսիպյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է կառավարման կենտրոնի տեխնիկական հագեցվածության հարցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը օգոստոսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:
Ողջունելով հյուրերին` Վալերիյ Օսիպյանը կարևորել է հայ-չինական սերտ հարաբերությունները, որի շրջանակում ակտիվ համագործակցություն կա երկու երկրների իրավապահ կառույցների միջև:
Ոստիկանության պետը խոսել է ոստիկանության համակարգում տեղի ունեցող բարեփոխումների մասին: Կողմերը քննարկել են նոր ստեղծվելիք օպերատիվ կառավարման կենտրոնի տեխնիկական հագեցվածությանը վերաբերող հարցեր:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Թիան Էրլունը նշել է, որ ավելացել է Հայաստան մեկնող չինացի զբոսաշրջիկների թիվը: Նրանց անվտանգ հանգիստն ապահովում են հայ ոստիկանները, որոնց ծառայությունը չափազանց կարևոր և գնահատելի է:
Հանդիպմանը Թիան Էրլունը ներկայացրել է դեսպանության նորանշանակ ռազմական կցորդին:
Վալերիյ Օսիպյանը շնորհավորել է նրան՝ պատասխանատու պաշտոնի նշանակվելու կապակցությամբ ու մաղթել բարի և արդյունավետ ծառայություն:
ՀՀ ոստիկանության պետը ջերմ բարեմաղթանքներ ու շնորհակալական խոսքեր փոխանցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նախորդ ռազմական կցորդին, որն ավարտել է ծառայությունը Հայաստանում: Նա Վալերիյ Օսիպյանի հրամանով պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, որը հանձնվել է դեսպանին:
Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: