2135 դիտում
14:02 12-08-2019
Դիպլոմը գործատուների համար դարձել է ձևականություն. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը խնդիր է դրել իր առջև բուհը դարձնել մի հարթակ, որտեղ այն մարդիկ, ովքեր տիրապետում են համապատասխան գիտելիքների, ունեն հմտություններ և կարողություններ նեղ մասնագիտությունների գծով, կարողանան վերարտադրել իրենց: Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/984603.html]Արմենպրես[/url]»-ը լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը:
«Բոլորի համար ակնհայտ է, որ մեր երկրի տնտեսության մեջ կա կադրերի էական պակաս, հատկապես որակի առումով: Կադրերի մեծ մասն առնչվում են նեղ մասնագիտական ուղղվածությանը, տնտեսագիտական համալսարանի մասնագիտություններին: Հետևաբար, մենք փորձում ենք այնպես անել, որպեսզի այն մարդկանց, այն կադրերին, որոնք կարող են ինչ-որ ձևով փոխանցել իրենց գիտելիքները ուսանողներին, այդ հնարավորությունը տալ: Հետևաբար, բոլոր այն փոփոխությունները և զարգացման այն միտումները, որոնք ամրագրված են մեր ծրագրերում, որոնք նաև մենք սկսել ենք իրականացնել, բխում են հենց այս հիմնական խնդրից»,- ընդգծեց Հայրապետյանը:
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ հանդիպելով խոշոր գործատուների հետ՝ թե մասնավոր, թե պետական հատվածում, իր համար ցավալի արձանագրում ունեցավ, որ շատ գործատուներ կրկնում են նույն միտքը և գաղափարը, որ թեև Հայաստանը ունի պետական տնտեսագիտական համալսարան, սակայն տնտեսագետ մասնագետները, ովքեր ավարտում են համալսարանը և հետագայում գալիս են իրենց մոտ հարցազրույցի, շատ դեպքերում պատրաստ չեն լինում:
«Գործատուները ասում են հետևյալը. ուսանողը, երբ գալիս է մեզ մոտ հարցազրույցի, մեզ համար էական տարբերություն չկա` նա ունի դիպլոմ պետական տնտեսագիտական համալսարանի, թե ոչ: Միևնույն է հարցազրույցի ընթացքում փորձելու ենք հասկանալ նրա իրական կարողությունները և հմտությունները: Սա լրջագույն ահազանգ է մեզ համար և իրավիճակը պետք է արմատապես փոխել: Մենք հիմա ապրում ենք մի իրավիճակում, որտեղ պարզապես դիպլոմը խոշոր գործատուների համար դարձել է ձևականություն, հետևաբար` համապատասխան գործընթացները սկսեցինք»,- ընդգծեց Հայրապետյանը:
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարն առանձնացրեց կատարված քայլերից մի քանիսը՝ դասախոսների աշխատավարձերի բարձրացումը, համալսարանի բյուջեի խնայողությունը և ավելի արդյունավետ ծախսումը, ինչպես նաև բոլոր տեսակի միջնորդությունների բացառումը:
«Համալսարանը բացառել է բոլոր տեսակի միջնորդությունները: Այդ արատավոր և ընդունված պրակտիկան այս ամիսների ընթացքում տեղի չի ունեցել: Կարող եմ դա երաշխավորել, որովհետև իմ կողմից չի եղել մի դեպք, որ նույնիսկ գեթ մեկ ուսանողի միջնորդություն իջնի վերևի մակարդակից: Հետևաբար` այս մոտեցումը և պարտադրել եմ բոլոր օղակներին, դեկաններին, ամբիոնի վարիչներին, որպեսզի կարողանանք այս հարցում իրականում շատ լուրջ փոփոխություն իրականացնել: Որպես ցավալի հետևանք ասեմ, որ հունվարի քննական շրջանի արդյունքում շուրջ 125 ուսանող ստիպված է եղել լքել համալսարանը, որովհետև այդ միջնորդությունների մեխանիզմն ամբողջությամբ վերացվել էր: Իհարկե, ուսանողների կողմից դժգոհություններ եղան, ովքեր ասում էին, որ փոփոխությունները կտրուկ են և չեն կարող միանգամից հարմարվել նոր պահանջներին, բայց մենք բացառում ենք այն դեպքերը, երբ ուսանողը բացարձակապես գալիս է անպատրաստ և ինչ-ինչ պատճառներով և մեխանիզմներով ստանում են գնահատական»,- եզրափակեց Հայրապետյանը:
Նմանատիպ նյութեր
2822 դիտում
15:45 17-07-2020
ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանը ընտրվեց ՀՊՏՀ ռեկտոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
2475 դիտում
22:36 14-08-2020
ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի ապօրինությունները հաստատվեցին․ ՀՊՏՀ նախկին ռեկտոր
Այս բաժնից
400 դիտում
11:52 26-04-2024
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)
349 դիտում
11:18 26-04-2024
Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ոստիկանություն