211652_close_icon
views-count1183 դիտում article-date 14:03 08-08-2019

Ամուլսարի փորձաքննության եզրակացությունը պատրաստ է․ ՔԿ-ն այն կներակայացնի հաջորդ շաբաթ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Ամուլսարի» գործին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչ ընթացի մեջ է այն: «Տվյալ դեպքում ավելի շատ հետաքրքրում է հրավիրված միջազգային փորձագիտական ընկերության եզրակացությունը և արդյոք ի վերջո այդ եզրակացությունը վերջնականորեն պատրաստ է: Կարող է կառավարությունն այդ եզրակացությունն ունենալ, որպեսզի քննարկենք հարցը՝ հիմնվելով այդ որոշման վրա ու մեր հետագա անելիքները որոշենք»,- հարցրեց Փաշինյանը: Հայկ Գրիգորյանը նախ համառոտ ներկայացրեց, թե ինչ է արել այս ընթացքում միջազգային փորձագիտական խումբը: «Հանրության լայն շերտերը շատ հետաքրքրված են քրեական գործով նշանակված փորձաքննության ընթացքի մասին: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ բյուջեից ավելի մեծ գումար է հատկացվել այդ փորձաքննությունը կատարելու համար: Քննչական կոմիտեին այս գործի համար պետական բյուջեի պահուստային ֆոնդից տրամադրվել է 396 հազար ԱՄՆ դոլար՝ «Էլարդ» ընկերության հետ պայմանագիր կնքելու և հետագա գործընթացները կազմակերպելու նպատակով: 2019 թվականի մարտի 15-ին Քննչական կոմիտեի և «Էլարդի» միջև կնքվել է համապատասխան պայմանագիր»,- նշեց Հայկ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ ողջամիտ ժամկետներում «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից վարույթն իրականացնող մարմնի միջոցով փորձագետներին տրամադրվել է նրանց կողմից պահանջված շուրջ 300 անուն փաստաթղթեր և տվյալներ, որից միայն փաստաթղթերը կազմել են շուրջ 20 հազար թերթ: Գրիգորյանը տեղեկացրեց, որ փորձագետների վերջնական եզրակացությունը միայն երեկ՝ օգոստոսի 7-ի առավոտյան է թարգմանված հանձնվել Քննչական կոմիտեին։ Վարչապետի հարցին, թե ի վերջո երբ կառավարությունը կկարողանան ծանոթանալ փորձագիտական եզրակացությանը, Գրիգորյանը վարչապետից ժամանակ խնդրեց վերջնական սրբագրումների համար և խոստացավ մինչև օգոստոսի 13-ը այն ներկայացնել կառավարությանը։ «Հանրությունը պետք է իրազեկված լինի, թե մենք ինչ փաստաթուղթ ունենք, որպեսզի մեր գործողություններն էլ հասկանալի ու թափանցիկ լինեն»,- արձագանքեց վարչապետը։

Նմանատիպ նյութեր