1252 դիտում
21:14 24-07-2019
ՄԱԶԾ առաքելության պատվիրակությունը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի հետ քննարկել է ՀՀ-ում դատաիրավական համակարգի բարեփոխումներին աջակցությանն առնչվող հարցեր
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավթի Մելքոնյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի տեխնիկական շրջանակային առաքելության պատվիրակությանը:
Ողջունելով փորձագետների խմբին՝ Դավիթ Մելքոնյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը ՄԱԿ-ի տարբեր կառույցների հետ գործակցության մեծ փորձ ունի, որը վերջին շրջանում ավելի ինտենսիվ բնույթ է ստացել՝ համատեղ տարբեր ծրագրերի իրականացմամբ: Նա կարևորել է Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխումների կարիքների, կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրների, բաղադրիչների գնահատման ՄԱԶԾ առաքելությունը հատկապես ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներին ցուցաբերվող աջակցությունն առավել թիրախային և նպատակային դարձնելու տեսանկյունից:
Պատվիրակության անդամներն իրենց հերթին կարևորել են Հայաստանում արդարադատության համակարգի ուժեղացմանը, թափանցիկությանն ու հաշվետվողականության մեխանիզմների ներդրմանն ուղղված բարեփոխումների մեկնարկը՝ նշելով, որ իրենց նպատակն է հստակեցնել այդ գործընթացին ՄԱԶԾ հնարավոր աջակցության ոչ միայն հիմնական ուղղությունները, այլ նաև միջոցներն ու ծավալները:
Հանդիպման ընթացքում քննարկվել է կոռուպցիայի դեմ պայքարի համակարգային նոր մեխանիզմների ներդրմանը, միասնական հակակոռուպցիոն մարմնի մոդելի պայմաններում կոռուպցիոն քրեական գործերով քրեական արդարադատության իրականացման ու դատախազական վերահսկողության արդյունավետությանը, կոռուպցիայի դեմ պայքարում քննիչների, դատախազների, դատավորների մասնագիտական կարողությունների զարգացման մեթոդներին, դատավորների և դատախազների բարեվարքության չափորոշիչներին, կարգապահական վարույթներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը մանրամասն ներկայացրել է պետական կառավարման համակարգի կառուցվածքում ՀՀ դատախազության դերը, ինչպես նաև դատախազների անկախության սահմանադրաիրավական եաշխիքներն ու հիմնական գործառույթները: Անդրադարձ է կատարվել ներկայում հանցավորության դեմ պայքարում ՀՀ դատախազության հիմնական առաջնահերթություններին ու մարտահրավերներին, որոնց շրջանակում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն առանձնացրել է հատկապես կիբերհանցագործությունների դեմ ներպետական և անդրազգային մակարդակներում պայքարն ուժեղացնելու, ինչպես նաև կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությանը խոչընդոտող օրենսդրական բացերի կարգավորման խնդիրները:
Դավիթ Մելքոնյանը վերջինիս առնչությամբ, մասնավորապես, նշել է, որ հիմնական խնդիրը կոռուպցիոն սխեմաներով գողացված, ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձման, բռնագանձման իրավական կառուցակարգերի ներդրումն է՝ նկատի ունենալով, որ այդ տեսակետից ՀՀ օրենսդրությունը զգալիորեն ետ է կոռուպցիայի դեմ պայքարի հաջող փորձ ունեցող երկրների համեմատ: Ըստ Դավիթ Մելքոնյանի՝ արվում է ամեն ինչ, այդ թվում նաև գործընկեր միջազգային կառույցների հետ համագործակցությամբ, նշված նպատակներով նախաձեռնված օրենսդրական փոփոխությունները մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության եվրոպական չափորոշիչներին և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանությունն ապահովելու ուղղությամբ:
Շահագրգիռ և տևական քննարկման ընթացքում արծարծվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Նմանատիպ նյութեր
1975 դիտում
17:03 19-06-2021
Ռուսաստանը 3.2 մլն դոլարով կֆինանսավորի Հայաստանի տուժած շրջանների աջակցությանն ուղղված ՄԱԶԾ նախագիծը
2339 դիտում
11:23 22-09-2017
Լավրովն ու Գուտերրեշը Նյու Յորքում քննարկել են ՄԱԿ-ում բարեփոխումներին առնչվող հարցեր
Այս բաժնից
1714 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ