211652_close_icon
views-count8842 դիտում article-date 21:14 23-07-2019

Նոր մարզպետի օրոք քրեաօլիգարխներն ավելի մեծ թափով են աշխատում. Վայոց Ձորի բնակիչները դժգոհ են

Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը սերտ կապերի մեջ է Հանրապետական կուսակցության անդամների հետ, մարզում կատարվող ապօրինությունները կանխելու քայլեր չի իրականացնում եւ անգործության է մատնված։ Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արենի խոշորացված համայնքի ավագանու անդամ Անուշավան Ավետիսյանը։ «Արենի համայնքի ավագանին թե՛ նախկին, թե՛ ներկայիս իշխանությունների օրոք համարվել է որպես ընդդիմություն՝ մարզային իշխանություններին: Եթե որեւէ հարց ես բարձրացնում ստի, կեղծիքի մասին, պիտակավորում են գործ տվողի անվան տակ: Վարչապետը հորդորել էր ժողովրդին, որ բարձրացնեն իրենց խնդիրները, եթե դրանք մինչեւ կեսօր չլուծվեն, այդ մարդիկ իրենց զբաղեցրած պաշտոնից կազատվեն։ Բայց մեր բարձրացրած խնդիրներով քրեական գործերը մերժվում են, որեւիցե կերպ օրինական լուծում չեն ստանում, լղոզած պատասխաններով են։ Եթե նախկինում կեղծ պատասխան էին ուղարկում մեզ, դա այնքան վատ չէինք տանում, ինչքան որ հեղափոխությունից հետո, հիմա մարդիկ կրկին անտեսված են»,- ասաց համայնքի ավագանու անդամը եւ հավելեց, որ մարզում վիճակն այնքան ծանր է, որ բնակիչներն ուզում են ճանապարհ փակել։ «Տրդատ Սարգսյանը երբ եկավ Վայոց Ձոր, կոտրեց բոլոր հեղափոխականների սիրտը, եւ շունչ տվեց բոլոր հանրապետականներին։ Նա սերտ հարաբերությունների մեջ է հանրապետականների հետ։ Եթե նա խորհրդարանական ընտրություններին հավաքել է 10 000 ձայն, ապա այսօր 500 ձայն չի կարող հավաքել: Նա այդ ձայները վարչապետի հեղափոխության շնորհիվ ստացավ, ով էլ լիներ նրա փոխարեն, կհավաքեր այդ ձայները»,- ասաց նա։ Անուշավան Ավետիսյանը պատմեց, որ իրենց համայնքում կրակոցներ են հնչել, սակայն մարզպետը չի այցելել, չի հետաքրքրվել ստեղծված վիճակով. «Գյուղում այս պահին բոլոր արտերը վառվում-թափվում են, կոմբայն չկա, ու նա ընդհանրապես չի մտածում այդ ուղղությամբ։ Մարզպետը անգործության է մատնվել, ոչինչ չի անում, միայն ուզում ենք, որ մարզպետը կատարի իր պարտականությունը»։ Վայոց Ձորի գործարար-ֆերմեր Տիգրան Եղոյանն էլ ասաց, որ նախկինում այն, ինչ կատարվել է մարզում, հանցագործությունների շարան է եղել, սակայն հիմա էլ էական ոչինչ չի փոխվել. «Ամենամեծ քրեաօլիգարխիան գտնվում էր Վայոց Ձորում, ամենամեծ վարկառուները մեր մարզի բնակիչերն էին, եւ վերջապես մարդիկ բարձրացրին այդ խնդիրները: Նա փորձում է կոռուպցիոն սխեման այսօր ավելի մեծ թափով մեծացնել, քրեաօլիգարխներն ավելի մեծ թափով են աշխատում»։ Գործարար-ֆերմերի խոսքով՝ մարզի բնակիչները զրկված են ջրից, նաև նշեց, որ իրենք մարզի պատգամավորներին չեն ճանաչում. «Եթե նախկինում խոսում էինք քաղաքական թալանչիներից, որոնք գյուղացի բնակիչներից ջուր են գողանում եւ ուղարկում թշնամի պետություն, հիմա նույն մարդիկ նույն կերպ գողանում են: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Վայոց Ձորը չունի մարզպետ։ Հեղափոխությունը շնչահեղձ են արել մարզում»։

Նմանատիպ նյութեր