Հայոց բանակը պետք է լինի տարածաշրջանում ամենաինտելեկտուալը. ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ հայկական բանակը լինի տարածաշրջանում ամենաինտելեկտուալը:
Այս մասին Ն. Փաշինյանն ասաց հուլիսի 19-ին Զինված ուժերի սպաների ու կուրսանտների հետ հանդիպման ընթացքում:
«Զինվորի ծառայության ժամկետն ինչ-որ առումով նաև ուսումնառության ժամկետ է: Մեր կառավարության կարևոր առաջնահերթություններից մեկն այն է, որ զինվորի ուսումնառության այս շրջանը մենք առավելագույնս արդյունավետ օգտագործենք, որպեսզի զինվորը ծառայությունից զորացրվելիս շատ ավելի բարձր ինտելեկտուալ մակարդակ ունենա, քան մինչև ծառայության զորակոչվելը: Հայոց բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ բանակը»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ հայոց բանակը հիմնական տեղն է, որտեղ քաղաքացիներին սովորեցնում են հաղթելու արվեստն ու հմտությունները:
«Ես համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրի մեջ կա հաղթողի տաղանդ, և Հայոց բանակը պետք է ձեզ օգնի այդ տաղանդը զարգացնել»,- նշեց վարչապետը:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: