105788 դիտում
13:48 18-07-2019
Սպանություն Արմավիրի մարզում. 74-ամյա որդին կասկածվում է 94-ամյա մորը սպանելու մեջ. ժամանել են մարզի ոստիկանապետը, քննչականի պետն ու տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Արմավիրի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Արմավիրի բաժին, որ հիվանդանոցի շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նորապատ գյուղում գտնվող հանրակացարան, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերվել է կնոջ դի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի և վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ, Արդարադատության գնդապետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրուհու՝ 94-ամյա Շողակաթ Մարտիրոսովայի դին:
Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում քննիչները և աշխատում է դատական բժիշկը:
Ըստ դատաբժշկի նախնական հայտնած տեղեկությունների, մահացածի մարմնի վրա կան բազմաթիվ սալջարդեր, կոտրվածքներ: Նա մահացել է բռնության հետևանքով:
Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում՝ վարչության պետ Ս. Տոնոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են 74-ամյա Պետրոս Պողոսյանին:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ կասկածյալը սպանվածի որդին է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 130+
130+