211652_close_icon
views-count1360 դիտում article-date 20:04 17-07-2019

Փաշինյանը և Հռոմի Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին: Այս մասին հայտնում են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը, ողջունելով Հռոմի Սրբազան Քահանայապետի ներկայացուցչին կառավարությունում, բարձր է գնահատել նրա նշանակալի ջանքերը Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստան-Վատիկան միջպետական համագործակցությունը հիմնված է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վրա, ինչի մասին է վկայում բարձրաստիճան պաշտոնական փոխայցերի և հանդիպումների դինամիկան: Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է երկկողմ հարաբերությունների խորացումը, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ եկեղեցու միջև կապերի զարգացումը: Կառավարության ղեկավարը խոսել է մեր երկրում տեղի ունեցող արմատական բարեփոխումների և գործընթացների մասին: Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին ընդունելության համար՝ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը նշել է, որ Հայաստանի անկախացումից ի վեր Հայաստանն ու Վատիկանն առանձնահատուկ հարաբերություններ են ունեցել, որոնք մինչ օրս էլ արդյունավետ զարգանում են: Ժոզե Ավելինու Բետանկուրն ընդգծել է՝ ուրախ է գտնվել մեր երկրում՝ պատմական փոփոխությունների ժամանակաշրջանում, և Սուրբ Աթոռի պատրաստակամությունը հայտնել՝ օժանդակել Հայաստանին զարգացման և առաջընթացի ճանապարհին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Վատիկան կապերի հետագա խորացման հեռանկարների շուրջ: Վարչապետը նշել է, որ Հայաստան-Վատիկան սերտ համագործակցությունը հիմնված է քրիստոնեական արժեհամակարգի և ընդհանուր պատմական ժառանգություն ունենալու փաստի վրա, և որպես առաջին քրիստոնյա երկիր՝ Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Սուրբ Աթոռի հետ կապերին: Նիկոլ Փաշինյանը խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Վարչապետը նշել է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը երախատագիտություն են հայտնում Հռոմի Սրբազան Քահանայապետին և Վատիկանին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված պատարագի ժամանակ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դրանով իսկ միջազգային ճանաչման գործընթացում մեծ ներդրում ունենալու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը կարևոր է հնարավոր ցեղասպանությունները և ոճրագործությունները կանխելու տեսանկյունից:

Նմանատիպ նյութեր