211652_close_icon
views-count1486 դիտում article-date 16:45 25-06-2019

Արցախի ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը. «Ճիշտ չէ այն հետաձգել»

Հունիսի 25-ին տեղի է ունեցել Արցախի ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռամելա Դադայանը: Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախարարի փոխանցմամբ՝ առաջին ընթերցումից հետո ԱԺ պատգամավորներ Գագիկ Բաղունցը, Էդուարդ Աղաբեկյանը և «Դաշնակցություն» խմբակցությունը նախագծի վերաբերյալ, ընդհանուր առմամբ, ներկայացրել են երեք առաջարկ, որոնք հեղինակի կողմից չեն ընդունվել՝ համապատասխան հիմնավորումներով: Արթուր Հարությունյանը, խոսելով պատգամավորների առաջարկների մասին, նշել է. - հնարավոր չէ անձի կուտակային կենսաթոշակը, իր իսկ ցանկությամբ, սահմանել միաժամանակ երկու արժույթով, - հնարավոր չէ կամավորության սկզբունքով միանալ համակարգին և մի քանի տարի հետո հրաժարվել դրանից, քանի որ համակարգին միանալու պահից այդ գումարներն հաշվարկվում և ներդրվում են կառավարիչ ընկերությունների կողմից: - ճիշտ չէ օրինագիծը ևս մի քանի տարով հետաձգել, քանի որ այն միտված է կենսաթոշակային համակարգի բարելավմանն ու սոցիալական արդարության ապահովմանը: Պատգամավորները նախարարին են առաջադրել նախագծի վերաբերյալ հանրության շրջանում անհանգստություն առաջացրած մի շարք հարցեր և ստացել պարզաբանումներ: Հանձնաժողովը 3 կողմ, 1 ձեռնպահ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ դրական եզրակացություն է տվել օրինագիծը հերթական նիստի օրակարգում ներառելուն: Հանձնաժողովի նիստին մասնակցել են նաև ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:

Նմանատիպ նյութեր