211652_close_icon
views-count3122 դիտում article-date 10:36 22-06-2019

Ծառուկյանը լավ բիզնեսմեն է, սակայն քաղաքականությունը, մեղմ ասած, նրա տարերքը չի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Եվս մեկ անգամ կցանկանայի հիշեցնել լրատվամիջոցների գործառույթների մասին՝ այնպես, ինչպես ես եմ դրանք պատկերացնում: Վստահ եմ, որ լրագրողի, լրատվամիջոցի գործը չէ խառնվել քաղաքականությանը, հանդես գալ ինչ-որ մի քաղաքական թիմի կողմից, նաև՝ միտումնավոր որևէ մեկին ցավ պատճառել կամ դատավորի դեր ստանձնել: Մեր գործն է խնդիրը բարձրաձայնելը և դրա վրա հասարակության ուշադրությունը դարձնելը: Այդպիսի մի խնդիր է բոլոր քաղաքացիների՝ անկախ իրենց զբաղեցրած դիրքից և նյութական կարողություններից՝ օրենքի առաջ հավասար լինելը: Օրինակ, եթե քաղաքացին որևէ իրավապահ մարմնից հարցաքննվելու ծանուցագիր է ստանում, ապա կարևոր չէ՝ նա հավաքարար է, ակադեմիկոս է, մեծահարուստ է, թե պատգամավոր, նա պետք է այդ ծանուցագրով ներկայանա այդ իրավապահ մարմին: ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, հավանաբար, այդ կարծիքին չէ, և այն արտահայտելն, իհարկե, նրա իրավունքն է: Բայց լրագրողը, տվյալ դեպքում՝ «Ազատություն» ռադիոկայանը ներկայացնող, իրավունք ունի այդ կարծիքը հարցնել, և կարող է դա անել 10 կամ 100 անգամ: Պատգամավորն այս պարագայում ունի երկու տարբերակ՝ կամ հանգիստ, առանց վրդովվելու ներկայացնել իր դիրքորոշումը, կամ ասել՝ «ես հրաժարվում եմ պատասխանել այդ հարցին, տվեք, խնդրեմ, հաջորդ հարցը» (նույնպես միանգամայն ընդունելի ձև է): Փոխարենն այս պատգամավորը սկսում է «քշել» լրագրողների վրա՝ ակնարկելով, որ նրանք պատվեր են կատարում և փող են վերցնում՝ նման հարցեր տալու համար: Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ Ծառուկյանը դրական անձնավորություն է և լավ բիզնեսմեն, սակայն քաղաքականությունը, պատգամավորի աշխատանքը (որի բաղկացուցիչ մասն է մեդիայի հետ շփվելը), մեղմ ասած, նրա տարերքը չեն: Մեկ այլ հարց էլ կա՝ Քննչական կոմիտեն այլևս չի պնդում, որ պատգամավորը ներկայանա հարցաքննության: «Ռիսկ չի՞ անում»: Մեկ այլ խնդիր էլ վերջերս բարձրաձայնել է «Առավոտը»: Վայք քաղաքի հիվանդանոցը չունի դեղորայք, չունի սարքավորումներ, չունի շենքային պայմաններ, չունի որակյալ անձնակազմ: Դարձյալ հակված չենք որևէ մեկին մեղադրելու՝ ենթադրելի է, որ խնդիրները կուտակվել են վերջին 30 տարում: Բայց հիմա, այս պահիս հարց է ծագում՝ ո՞րն է այդ հիվանդանոցի գոյության իմաստը, եթե նրա մատուցած ծառայությունները մոտ են զրոյի: Եթե, միևնույն է, այնտեղ դիմած հիվանդին պետք է տեղափոխեն Երևան, ընդ որում «շտապօգնության» մեքենայով, որում վառելիք չկա և որը չունի տարրական կահավորանք, եթե դրա համար հիվանդից պետք է պահանջեն 80.000 դրամ, ապա ինչի՞ վրա է ծախսվում պետական ռեսուրսը, հարկատուների միլիոնավոր դրամները: Ավելի ճիշտ չի՞ լինի, մինչև նորմալ մարզային հիվանդանոց կառուցելը, նման քաղաքներում պահել փոքրիկ բուժկետ, իսկ ազատված գումարները ծախսել մի քանի որակյալ «շտապօգնության» մեքենաների համար: Իսկական, քարոզչությամբ չզբաղվող լրատվամիջոցները կոչված են քննարկման առարկա դարձնել այս և նմանատիպ այլ հարյուրավոր խնդիրներ: Իհարկե, կան մարդիկ, որոնք ասում են, որ այդ խնդիրները գոյություն չունեն: Դա էլ է տեսակետ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր