211652_close_icon
views-count11370 դիտում article-date 23:23 20-06-2019

Արտակարգ իրավիճակ Թբիլիսիում. ցուցարարները գրոհում են Խորհրդարանի շենքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս պահին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթանում է հազարավոր ցուցարարների բողոքի ակցիան, հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանական ուժերը փորձում են դուրս բերել մոտ 100 ցուցարարների, ովքեր ներխուժել են Խորհրդարանի շենք: «Грузия Online»-ի փոխանցմամբ՝ ոստիկանական ուժերը հատուկ միջոցներ չեն կիրառում: Տեղում է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան: Նշվում է, որ այսօր երեկոյան Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության հազարավոր ներկայացուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, ՆԳ նախարար Գ. Գախարիայի և Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելարուի հրաժարականը: Բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը խորհրդարանում ելույթ է ունեցել վրացական խորհրդարանի ղեկավարի աթոռին նստած: Դա առաջացրել է դահլիճում ներկա ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունը: Ռուսական պատվիրակությանը դուրս են բերել անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ և ուղեկցել են միկրոավտոբուսի մոտ, իսկ ցուցարարները նրանց ուղղությամբ շշեր են նետել: Ցույցը կազմակերպել են նախկինում Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարած «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները: Նշվում է, որ ցույցին մասնակցում է ավելի քան 10 հազար մարդ: Սաակաշվիլին Ուկրաինայից կոչ է արել ոստիկանությանը չենթարկվել ներկա իշխանություններին և անցնել ժողովրդի կողմը: Բողոքի ցույցեր են սկսվել նաև Բաթումում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր