211652_close_icon
views-count1443 դիտում article-date 20:51 18-06-2019

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ

Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը շնորհակալություն հայտնեց դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելության համար՝ բարձրորեն գնահատելով ծառայության ընթացքում Հայաստանի և Հայոց Եկեղեցու հանդեպ դրսևորած վերաբերմունքը և ոգին: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ դեսպանատան և Մայր Աթոռի միջև հարաբերությունները մշտապես եղել են ջերմ և բարեկամական: Իր խոսքում Հայոց Հայրապետն անդրադարձ կատարեց հայ-գերմանական հարաբերությունների զորացման գործում ներդրվող ջանքերին, ինչպես նաև Գերմանիայի հայոց թեմին: Իր հերթին դեսպանը նշեց, որ տպավորված է Հայաստանով և նրա հարուստ մշակույթով: Պրն. Քիսլերը իր շնորհակալությունը հայտնեց Նորին Սրբությանը գործակցության համար` գոհունակությամբ հավելելով, որ պաշտոնավարման ընթացքում Գերմանիայից ժամանած բազում պատվիրակություններ է առաջնորդել Մայր Աթոռ: Գերմանիայի դեսպանը կարևոր նկատեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներդրումը միջեկեղեցական կապերի զորացման գործում: Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը դեսպանին մաղթեց նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:

Նմանատիպ նյութեր