2761 դիտում
20:04 14-06-2019
Համահայկական 7-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքները մեծ թափով ընթանում են Հայաստանում, Արցախում և սփյուռքում
Համահայկական 7-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքները մեծ թափով ընթանում են Հայաստանում, Արցախում և սփյուռքում:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ընդլայնված պատվիրակությունն իրականացրեց խաղերի ջահի վառման արարողությունը և այն սկսեց իր ուղևորությունը դեպի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ:
Պատմության մեջ առաջին անգամ իրականացված՝ Երևան-Վան թռիչքով հայկական պատվիրակությունը ժամանեց Վան: Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը օդանավակայանում դիմավորեցին Վանի քաղաքային իշխանությունները:
Վանի քաղաքապետ Բեդիա Էրթանը նշեց, որ մարզական, զբոսաշրջային և մշակութային կապերի զարգացմանը կարող են նպաստել համահայկական խաղերը, որոնք համախմբում են աշխարհի բոլոր ծայրերում, այդ թվում՝ Թուրքիայի տարածքում ապրող հայերին:
Ի պատասխան՝ Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ կոմիտեն մտահղացում ունի՝ հաջորդ համահայկական խաղերը կազմակերպել Վանում և Երևանում:
Հաջորդ օրը Բագրատունիների հինավուրց մայրաքաղաք Անին համահայկական խաղերի ջահը փոխանցեց մեր հպարտության և հաղթանակների մայրաքաղաք Ստեփանակերտին:
Կարսի քաղաքապետ Այհան Բիլգենի հետ հանդիպման ժամանակ Իշխան Զաքարյանը քննարկման դրեց համահայկական խաղերի ծրագրով Գյումրի-Ղարս քաղաքներում միջոցառումներ անցկացնելու գաղափարը:
Իգդիրի քաղաքապետ Յաշար Աքքուշը, ընդունելով հայկական պատվիրակությանը, ցանկություն հայտնեց, որ սահմանը բացվի ու հենց նման մարզական խաղերի միջոցով տարբեր բնագավառներում բարիդրացիական հարաբերություններ հաստատվեն:
Սփյուռքի ջահը վառվեց Կիլիկիո թագավորության հերոսական վայրերից մեկում՝ Մուսան Լեռան ստորոտում:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի, փոխնախագահներ Ստեփան Դեր-Բեդրոսյանի և Ռոլանդ Շառոյանի, գործկոմի անդամ Պերճ Հալաջյանի և այլոց մասնակցությամբ ջահի վառման պատիվը տրվեց ամերիկահայ բարերար, համահայկական խաղերի հիմնադիրներից՝ Ալբեր Բոյաջյանին:
Հայաստանի և Արցախի պետական դրոշների ներքո՝ Պոլսի Սուրբ Վարդանանց եկեղեցու հոգևոր առաջնորդ, Հայր Սուրբ Թաթուլ Անուշյանի աղոթքով բոցավառվեց ամառային 7-րդ խաղերի ջահը:
Համահայկական լեռան ուժը հերոսական Արցախին փոխանցելու համար կոմիտեի փոխնախագահ Ստեփան Դեր Բեդրոսյանի գլխավորությամբ ջահը հասավ Մուսա-լեռան հերոսամարտի վայրը՝ լեռան գագաթը:
Մուշ-Անի ճանապարհին պատվիրակության անդամները համահայկական խաղերի ջահը խոնարհեցին հայ ազգային –ազատագրական շարժման հերոս Գևորգ Չաուշի գերեզմանին:
Մուշում պատվիրակությանը ընդունեց քաղաքապետ Ֆեյաթ Ասյան, քննարկվեցին մի շարք հետաքրքիր գաղափարներ:
Վանի, Մուշի, Իգդիրի և Ղարսի քաղաքապետները սիրով ընդունեցին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հրավերը՝ մասնակցելու ամառային 7-րդ խաղերին:
Մեկնարկը տրված է, ջահը սկսել է իր ճանապարհը: Մինչև Ստեփանակերտում խաղերի պաշտոնական բացման օրը մենք պարբերաբար կտեղեկացնենք հանրությանը աշխատանքների ընթացքի և կարևոր իրադարձությունների մասին:
[b]Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մամլո ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
3926 դիտում
18:47 01-04-2017
Սփյուռքում քննարկում են Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչման նախապատրաստական աշխատանքները
Այս բաժնից
754 դիտում
18:00 20-01-2025
Քննարկվել են զինված ուժերում կանանց ներգրավվածությանն առնչվող հարցեր
742 դիտում
17:27 20-01-2025
Օշականի 48-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ (տեսանյութ)