211652_close_icon
views-count1574 դիտում article-date 15:37 12-06-2019

Քոչարյանի պաշտպանները դատավոր Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել. նիստը հետաձգվեց

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Վերաքննիչ դատարանի նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել: Ինչպես տեղեկացնում է «[url=https://https://armenpress.am/arm/news/978175.html]Արմենպրես[/url]»-ը, ՀՀ վերաքննիչ դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ կայացավ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործի վարույթը կասեցնելու եւ այն Սահմանադրական դատարան ուղարկելու, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումների դեմ ՀՀ դատախազության բողոքների քննությունը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, թե ինչպես է պատահել, որ երկու տարբեր դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությունը հանձնվել է նույն դատավորին: Ըստ պաշտպանական խմբի՝ գործը դատավոր Դանիելյանին է հանձնվել կասկածելի հանգամանքներում, և պաշտպանների գնահատմամբ` դա տեղի է ունեցել պայմանավորված դատավորի անձի առանձնահատկություններով: «Հավանաբար նկատի են ունեցել, որ Դուք այն դատավորն եք, ով հազվադեպ է կայացնում այնպիսի դատական ակտ, որը հակասի Դատախազության դիրքորոշմանը»,֊ ասաց Հայկ Ալումյանը: Պաշտպանի խոսքով` երբևիցե չի պատահել, որ Վերաքննիչ դատարանում պաշտպանական կողմից բերված վերաքննիչ բողոքները մակագրվեն միևնույն դատավորին: «Ինչքան վերաքննիչ բողոք եղել է այս գործով, բոլորը մակագրված են եղել տարբեր դատավորներին: Ձեզ այս գործը մակագրելը և հանձնարարելը մեզ համար դեռևս կասկածելի է: Մեր դիտարկմամբ` դա տեղի ունեցել ձեր անձի առանձնահատկություններից: Այդուհանդերձ, առաջին ատյանի դատարանի երկու տարբեր որոշումների դեմ բերված բողոքները հանձնվել են հատկապես ձեզ և հայտնվել են ձեր վարույթում»,- ասաց Ալումյանը: Պաշտպան Ալումյանի միջնորդությանը միացան պաշտպանական խմբի մյուս անդամները՝ Արամ Օրբելյանը, Ռուբեն Սահակյանը և ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես միացավ միջնորդությանը. « Ես հորդորում եմ ձեզ հասկանալ նաև, որ այս գործով այս կարգի կասկածները չափազանց կարևոր է փարատելը, իսկ դրանք փարատելը հնարավոր չէ առանց ինքնաբացարկի»: Մեղադրող կողմը առարկեց միջնորդությանը և նշեց, որ այն պատճառաբանությունը, որը դրվել է ինքնաբացարկի միջնորդության մեջ որևէ կերպ չի կապվում դատավորի ինքնաբացարկի դատական օրենսգրքի 71-րդ հոդվածում նախատեսված որևէ հիմքին: «Ուզում եմ հիշեցնել, որ դատավորների բաշխման գործընթացին միջամտելը` հանցագործություն է նախատեսված քրեական օրենսգրքով: Կարծում եմ, որ մեր գործընկերները դրա վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում անպայման պետք է հայտնեն»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը հայտարարեց, որ քրեական գործի հատորների քանակն ավելացել է և որ այդ մասին տեղեկացել է Դատական տեղեկատվական համակարգից՝ 83 հատոր դատական գործը դարձել է 88 հատոր: Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 14-ին՝ ժամը 10:30-ին: Դատական նիստին մասնակցում էին նաև Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը և Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: Դատարանի դահլիճում ներկա էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Դատաքննությանը զուգահեռ Վերաքննիչ դատարանի շենքի դիմաց հավաքվել էին Քոչարյանի աջակիցները և նրա ազատությանը դեմ հանդես եկող անձինք: Դեմ և կողմ արտահայտվող ցուցարարները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում, քաշքշում միմյանց: Ոստիկանության ծառայողները փորձում են վերահսկել իրավիճակը և պահպանել կարգուկանոնը: Մայիսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշեց Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ: Այնուհետև դատավոր Գրիգորյանը կասեցրեց քրեական գործի վարույթն ու այն ուղարկեց Սահմանադրական դատարան: ՀՀ գլխավոր դատախազությունը մայիսի 23-ին բողոքարկել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած երկու որոշումները: Համաձայն Datalex տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ․ ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Նմանատիպ նյութեր