211652_close_icon
views-count2542 դիտում article-date 16:44 14-01-2019

Քոչարյանի պաշտպանները քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ գործի քննությունը: «[url=https://armenpress.am/arm/news/960667.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը նշեց, որ Քոչարյանը չի մասնակցելու նիստին: «Դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ունենք, որը կքննվի: Այսինքն` հավանականությունը շատ մեծ է, որ այսօր բուն միջնորդությունների քննությանը չենք անդրադառնա»,- ասաց Օրբելյանը և հավելեց, որ նիստին հետո մանրամասն կներկայացնի, թե ինչ հիմքով են ներկայացրել միջնորդությունը: Դատավոր Նելլի Բաղդասարյանի՝ դատախազների և քննիչի միջնորդությունը բավարարելուց և ինքնաբացարկ հայտնելուց հետո կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննարկումը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին, սակայն դատավոր Գրիգորյանը հունվարի 12-ին նույնպես ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ իր հերթը չի եղել, բայց գործն իրեն է մակագրվել: Այդ ամենից հետո գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին, որին ևս ինքնաբացարկի միջնորդություն կներկայացվի։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռևս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, և դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը: Դատարանը միևնույն ժամանակ կքննի նաև Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը:

Նմանատիպ նյութեր