211652_close_icon
views-count1645 դիտում article-date 13:43 10-06-2019

ՀՀ նախագահի աշխատակազմն Ամանորի միջոցառումների անցկացումը փոխարինել է սոցիալապես անապահով ընտանիքին, բանակին օգնություն տրամադրելով

ՀՀ նախագահի աշխատակազմը նախորդ տարի նախագահի նստավայրում Ամանորին նվիրված անվանական միջոցառումները փոխարինել է սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքին, մանկատանը և բանակին անհրաժեշտ օգնություն տրամադրելով: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում 2018-ի բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացնելիս ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը: «Համաձայն օրենքի՝ ՀՀ նախագահն ունի նաև ֆոնդ, որով տրվում են աջակցություններ: Հիմնականում աջակցություններն ուղղված են եղել կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության ոլորտներում առանձին ծրագրերին: Նախագահի նստավայրում Ամանորին նվիրված անվանական միջոցառումները փոխարինվել են սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքին, մանկատանը և բանակին անհրաժեշտ օգնություն տրամադրելով: Ֆինանսական աջակցություն է տրամադրվել արտերկրում միջազգային մրցաշարերում և մշակութային միջոցառումներում մասնակցության ապահովման, կրթական հաստատություններում լաբորատորիաների հիմնման, ինչպես նաև սոցիալական մի շարք ծրագրերի ֆինանսավորման համար: Եվրոպայի և աշխարհի պարալիմպիկ առաջնությանը ուժային գերամարտի սեղմում մրցաշարին մասնակցելու համար մարզիկին տրամադրվել է աջակցություն, և երկու մրցաշարերում մարզիկը զբաղեցրել է 1-ին տեղը»,-նշեց նա։ Քաշաթաղի Կովսականի դպրոցում հիմնադրվել է ինժեներական լաբորատորիա, Հայաստանի կույրերի միավորում Գյումրու ուսումնական ձեռնարկություն ՍՊԸ-ին, որը զբաղվում է տեղական հումքի վրա բնական յուղաներկերի արտադրությամբ, տրամադրվել է դրամական օգնություն սոցիալական ձեռնարկատիրության զարգացման նպատակով: Տարասյանի խոսքով՝ մասնավորապես, տրամադրված միջոցների հաշվին ավելացել են ձեռնարկատիրական կարողությունները, ներգրավվել են նոր աշխատատեղեր: Նախագահի աշխատակազմը ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին Բեռլինում Արամ Խաչատրյանի 115-ամյակի համերգին մասնակցություն ապահովելու նպատակով:

Նմանատիպ նյութեր