211652_close_icon
views-count2490 դիտում article-date 10:37 08-06-2019

Հայ-ռուսական հարաբերություններում դինամիկան փոխել է․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է․ «Փաշինյան-Պուտին հանդիպմանը չի քննարկվել Արցախի հարց: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Գրեթե կասկած չկա, որ Փաշինյանն ու Պուտինը շոշափել են հարցը, դա չշոշափել անհնարին է, որովհետև Արցախի հարցը ռեգիոնալ ռազմաքաղաքական և տնտեսաքաղաքական համատեքստի առանցքային, բազային գործոններից է: Բնականաբար, հարցն այն է, թե ինչ համատեքստում ու բովանդակության շրջանակում է այն քննարկվել: Եվ հայտարարությունը՝ Պեսկովի մակարդակով, որ Արցախի հարց չի քննարկվել, հուշում է, որ այն չի քննարկվել այսպես ասած՝ «լավրովյան պլանի» կամ «մադրիդյան սկզբունքների» կամ, այլ կերպ ասած՝ «հող հանձնելու» համատեքստում: Պեսկովի հայտարարությունն ազդակ է, որ Փաշինյան-Պուտին հանդիպումը, առնվազն այս պահի դրությամբ, առնվազն այս պահի օրակարգով արձանագրում է գոյություն ունեցող ստատուս-քվոյի անձեռնմխելիությունը: Եվ դա այն պարագայում, որ հունիսի 1-ին Փաշինյանի ծննդյան տարեդարձի առիթով Պուտինի հեռախոսազանգից երկու օր անց Կրեմլ էր զանգահարել Ալիևը: Պեսկովի հայտարարությունը փաստացի վկայում է, որ ՌԴ նախագահը մերժել է Ալիևին: Ավելին՝ Պուտինի հետ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ քննարկել են սպառազինության հարցեր: Սանկտ Պետերբուրգում ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հարցին, թե ինչ սպառազինության մասին է խոսքը, արդյոք նոր «Իսկանդերների՞», Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «Իսիկանդեր» շատ ունենք, և Հայաստանն ուրիշ բան է ուզում: Թե հատկապես ինչ, Հայաստանի վարչապետը չի բարձրաձայնել, սակայն «Իսկանդեր» շատ ունենք» արտահայտությունը հուշում է, որ խոսքն իր, այսպես ասած, ոչ միայն ռազմական, այլ ռազմաքաղաքական ոչ պակաս նշանակությամբ զինատեսակի մասին է, որն ի զորու է բալանս փոխել, կամ նոր բալանս հաստատել: Իսկ այդ առումով հիշարժան է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ավելի վաղ արած հայտարարություններից մեկը, որ Հայաստանը չի ձգտում բալանս ապահովելու, Հայաստանը ձգտում է առավելության: Հայտնի է, որ Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել չորս Սու 30 բազմաֆունկցիոնալ կործանիչներ, որոնք ապահովելու են օդային գերակայություն: Նախարարը հայտարարել էր, որ դրանք կմատակարարվեն մինչև 2020 թվական: Կործանիչները գործարանում են, փողն էլ փոխանցված: Դա նշանակում է, որ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը վերաբերում է այլ սպառազինության, համենայնդեպս ոչ այդ կործանիչներին: Հնարավոր է, նոր խմբաքանակի, կամ գուցե այլ բնույթի սպառազինության: Տվյալ պարագայում առանցքային է Պուտինի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարության քաղաքական նշանակությունը: Եվ սա Հայաստանում տեղի ունեցող կամ բորբոքվող ներքաղաքական կրքերի ֆոնին, այդ ֆոնին արձանագրելով նաև բավական էական և պարզ բան՝ դրանք ոչ թե թուլացրել են Հայաստանի դիրքերը արտաքին բանակցությունում և արցախյան հարցում, այլ ավելի ամրացրել, ինչի վկայությունը Պուտինի հետ հանդիպումից հետո Փաշինյանի արած հայտարարությունն է: Միաժամանակ, այստեղ, անշուշտ, իրադարձությունների զարգացումը պետք է դիտարկել ներքին և արտաքին փոխկապակցվածության մեջ, ինչի մասին մենք խոսել ենք վերջին օրերին տեղի ունեցած ներքին իրադարձությունների շղթայի վերաբերյալ արված մեր վերլուծություններում և մեկնաբանություններում: Ըստ այդմ, Պուտինի հետ հանդիպումից հետո արված հայտարարությունը արտացոլում է նաև հայ-ռուսական փոխհարաբերության վերափոխման ներկայիս դինամիկան: Իսկ դա ոչ միայն և նույնիսկ մի շարք հանգամանքների բերումով մեզ թույլ տանք ասել՝ ոչ այնքան բուն երկկողմ, այլ ռեգիոնալ և աշխարհաքաղաքական լայն դիտարկման հարց է, որն էապես փոխկապակցվում է Հայաստանի ռազմաքաղաքական դիմադրունակության համակարգի վերականգնման հետ: Իսկ այդ խնդիրն էլ, իր հերթին, Սանկտ Պետերբուրգ մեկնելուց առաջ Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման հանձնաժողովի վերաբերյալ իր գնահատականում բարձրաձայնեց վարչապետ Փաշինյանը՝ ասելով, որ այդ հանձնաժողովի նպատակն է ապահովել երկրորդ անգամ նույն իրավիճակում չհայտնվելու երաշխիքներ: Իսկ այդ համատեքստում էլ Փաշինյան-Պուտին հանդիպումն ու դրանից հետո Հայաստանի վարչապետի հայտարարությունը հիմնարար և խորհրդանշական է դառնում այն դերակատարման ֆոնին, որ Ապրիլյան պատերազմում ունեցել է Ռուսաստանը, որն այդ ժամանակ հզոր սպառազինություն էր Ադրբեջանին տրամադրում՝ միլիարդավոր դոլարների: Այժմ Հայաստանն իրավիճակ է փոխել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր