Պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայ-ռուսական հարաբերություններում անհանգստանալու առիթ չի տեսնում
Հայ-ռուսական հարաբերություններում անհանգստանալու որևէ բան չկա, մեր ռուս գործընկերները պարզապես ուսումնասիրում են մեզ: Այսմասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Ազգային Ժողովում լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
Հավելեց, որ Ռուսաստանի համար անհասկանալի իրադարձություններ տեղի ունեցան Հայաստանում. 10 օրում տեղի ունեցավ իշխանափոխություն, և իշխանության եկավ մի ուժ, որը եղել է ընդդիմություն:
«Գերտերությունները, ոչ միայն Ռուսաստանը, ուսումնասիրում են Հայաստանի այսօրվա իշխանությունը»,-ընդգծեց Ա. Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ իրենք շարունակելու են պահպանել լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ:
«Անհանգստանալու որևէ բան չկա հայ-ռուսական հարաբերություններում: Դրանք լավ մակարդակի վրա են, և մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի այդ հարաբերություններն ավելի լավանան»,- նշեց Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 8-ին կհանդիպեն Մոսկվայում: Կողմերը բարձր մակարդակի հայ-ռուսական բանակցություններ կվարեն: