211652_close_icon
views-count1517 դիտում article-date 08:59 08-06-2019

Հարկային փաթեթի հմայքը մնաց անցյալում. խորանում է սոցիալական բևեռացումը․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը վերջապես հասավ խորհրդարան։ Այս փուլին հասնելու համար պահանջվեց գրեթե մի ամբողջ տարի։ Այդ ընթացքում թեև քաղաքական իշխանությունը բազմիցս կարևորեց փաստաթղթի նշանակությունը, այնուհանդերձ այնքան էլ հետևողական չգտնվեց այն հնարավորինս շուտ ընդունելու և կիրառելու համար։ Փոխարենը՝ անցած մեկ տարում Նիկոլ Փաշինյանն այդ փաստաթուղթը շատ անգամ հասցրեց օգտագործել քաղաքական նպատակներով։ Դա հաջողությամբ արվեց՝ ինչպես Ազգային ժողովի ընտրություններից առաջ, այնպես էլ՝ նախընտրական գործընթացներում։ Խոսվում էր եկամտային հարկը նվազեցնելու, միկրոբիզնեսին արտոնություններ տալու, տաքսի ծառայություն մատուցողներին հարկերից ազատելու մասին։ Այդ ամենը, անշուշտ, ոգևորող էր։ Բայց միաժամանակ վարչապետը խնամքով թաքցնում էր Հարկային օրենսգրքի փոփոխությունների մյուս կողմը՝ հարկային բեռի նախատեսվող ավելացումները։ Բեռ, որն ուղղակիորեն կրելու էր սպառողը։ Խոսքն ակցիզների բարձրացման մասին է։ «Ակցիզային հարկն անուղղակի հարկ է, և դրա համար, ըստ էության, վճարում է ոչ թե տնտեսվարողը, այլ քաղաքացին, քանի որ դա գնի վրա դրված հավելաճ է»,- 2018թ. հունվարին, երբ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ արտահերթ նիստ էր հրավիրվել մի շարք ապրանքների ակցիզային հարկը նվազեցնելու ակնկալիքով,- ասում էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը։ Հիմա դա կարծես այնքան էլ կարևոր չէ նրա համար։ Ոչինչ, որ ակցիզային հարկի փոփոխությունների ընդունմամբ թանկանալու են մի շարք ապրանքներ։ Ընդհակառակը` կառավարությունն ուզում էր թանկացումների շատ ավելի մեծ շրջանակ ընդգրկել, նաև բեռի ավելի կտրուկ բարձրացումների գնալ։ Սակայն հասկացավ, որ դա այնքան էլ հեշտ չի լինելու։ Դրա հետ կապված դժգոհությունների բավական լուրջ ալիք բարձրացավ։ Մարդիկ փողոց դուրս եկան։ Տուրք տալով հասարակության բողոքներին՝ կառավարությունը ստիպված էր հրաժարվել որոշ նախաձեռնություններից։ Չնայած այն, ինչ մնում է, բավարար է, որպեսզի սպառողները զգան Հարկային օրենսգրքով նախատեսվող փոփոխությունների բացասական ազդեցությունը սեփական գրպանի վրա։ Հատկապես որ, սա փաստաթուղթ է, ինչը միտված չէ ցածր եկամուտներ ունեցողների եկամուտների ավելացմանը։ Եկամտային հարկի բեռի այն նվազեցումը, որի մասին Նիկոլ Փաշինյանը ժամանակին խոսում էր քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ չի վերաբերելու ցածր աշխատավարձ ստացողներին։ Այսինքն՝ նրանց եկամուտները կմնան նույնը, բայց ծախսերը կավելանան ակցիզային հարկի բեռի ծանրացումից սպասվող թանկացումների հետևանքով։ Այս փուլում կառավարությունը նախապատվությունը տալիս է բարձր աշխատավարձ ստացողներին։ Ոչինչ, որ նրանց եկամուտներն առանց այդ էլ բարձր են, կառավարությունն այդ շերտի համար նվազեցնում է եկամտային հարկը։ Ու այսքանից հետո վարչապետը հայտարարում է, որ իրենք չեն վարելու աղքատության խրախուսման քաղաքականություն։ Եթե կառավարությանը թվում է, թե ցածր եկամուտներ ունեցողների համար հարկային բեռը չնվազեցնելով՝ խթանում է, որպեսզի վաղը նրանք ավելի բարձր աշխատավարձ ստանան, ապա չարաչար սխալվում է։ Դա ընդամենը պատրվակ է՝ արդարացնելու առաջարկված փոփոխությունը։ Եկամտային հարկի այն մոտեցումը, որը քննարկվում է, հասարակության շրջանում լուրջ դժգոհությունների առիթ է տվել։ Մարդիկ չեն կարողանում ընկալել, թե ինչո՞ւ պիտի բարձր եկամուտներ ունեցողները շահեն այս փոփոխություններից։ Առանց այդ էլ նրանք բարձր աշխատավարձ են ստանում։ Փոխարենը մտածելու ցածր եկամուտներ ունեցողների մասին՝ կառավարությունը հակառակն է անում՝ խորացնում է սոցիալական բևեռացումը։ Ո՞րն է տրամաբանությունը։ Այս հարցի պատասխանը, որը կբավարարեր շատերին, կառավարությունն առայժմ չի կարողանում տալ։ Գուցե դա հնչի փաստաթուղթը խորհրդարանի արտահերթ նիստում քննարկելու ժամանակ։ Ամեն դեպքում, այն, ինչ դրված է Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում, սոցիալական արդարության առումով ընկալելի չէ։ Մարդիկ հաստատ դրան չէին սպասում, երբ հեղափոխության օրերին դուրս էին եկել փողոց։ Եկամտային հարկի փոփոխությամբ ամրագրված մոտեցումը գուցե ինչ-որ կերպ ընկալելի լիներ, եթե կառավարությունը մտածեր հասարակության ցածր եկամուտներ ունեցողների գնողունակությունն այլ տարբերակով ավելացնելու մասին։ Բայց այս պահին նման մտադրություն կարծես չկա։ Դա նշանակում է, որ Հարկային օրենսգրքի առաջարկվող տարբերակը մեծացնելու է սոցիալական լարվածությունը հասարակության համեմատաբար աղքատ հատվածի շրջանում։ Առավել ևս, եթե դա ուղեկցվի նաև կուտակային կենսաթոշակային վճարների նախկին հարաբերակցության վերականգնումով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր