211652_close_icon
views-count53675 դիտում article-date 10:42 05-06-2019

Երբեմնի ծաղկող թաղամասը հայտնվել է «քարե դարում». բնակիչներն ասում էին. «Մեղավոր են նախկին և ներկա թաղապետերը, պարոն վարչապետ, անհրաժեշտ է ձեր միջամտությունը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի «Անուշ» այգեգործական ընկերության տարածքում 600-ից ավելի սեփական տներ կան, որոնց բնակիչներն արդեն տևական ժամանակ է՝ ուզում են հավատալ, որ, վերջապես, իրենց թաղամասի մեծ թվով խնդիրների գոնե 50 տոկոսը կկարգավորվի։ Երեկ՝ հունիսի 4-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Սովետի տարիներից էս հատվածը համարվում էր դրախտավայր, քանի որ ունեինք ջուր՝ ոչ միայն խմելու, այլև ոռոգման։ Ճանապարհն էլ, որի երկարությունը մոտ 2 կմ է, ասֆալտապատված էր։ Մարդկանց շարժը չէր դադարում, սովետի փլուզումից հետո կամաց-կամաց մեր թաղամասում կյանքը հետ ընկավ։ Չինովնիկներին միայն տեսնում ենք ընտրությունից ընտրություն։ Թե նախորդ իշխանության ներկայացուցիչները, ինչու չէ, նաև՝ ներկա, գալիս, սարեր են խոստանում, բայց ընտրությունից հետո էլ դրանց իզ ու թոզը չենք տեսնում։ Շենգավիթի ներկայիս թաղապետին, եթե ասես՝ քո վարչական շրջանում էսպիսի թաղամաս կա, երևի ոչ միայն չիմանա տեղը, գալուց էլ կմոլորվի։ Ճիշտն ասած, էլ ոչ մեկին չենք հավատում, միակ հույսներս վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, չնայած նրան, որ պատկան մարմինների ներկայացուցիչները իրենք պետք է խնդրով զբաղվեին, ոչ թե վարչապետին դիմեինք։ Բայց, քանի որ թե նախորդ թաղապետերն ու թե ներկա թաղապետն ավելի շատ ճառ ասող են, քան զանգ կախող, ուստի դիմում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրանքով, որ գոնե մեր թաղամասում լուծել տա խմելու ջրի և ասֆալտապատման հարցերը, որոնք առաջնային են, թեպետ շատ հարցեր կան առաջնային՝ արտաքին լուսավորություն, հասարակական տրանսպորտ։ 500-600 շունչ էր ապրում էստեղ, հիմա տների մեծ մասը դատարկ ա։ Մարդիկ ջուր չունենալու և անբարեկարգ ճանապարհի պատճառով էստեղի իրենց տները թողել, գնացել են Երևան, վարձով են մնում։ Թաղամասում, եթե մարդ ա վատանում, շտապօգնությունը չի համարձակվում մտնի թաղամաս։ Նուբարաշեն-Մասիս ճանապարհի մայրուղում կանգնում, իջնում, դիմավորում ենք բժիշկներին։ Սա ո՞ր դարն է, որ կարոտ մնանք խմելու ջրին։ Խնդրում ենք՝ մեր այս խոսքերը տեղ հասնի վարչապետին ու հաստատ որոշ պրոբլեմներ կլուծվեն, ինչի շնորհիվ մարդիկ կվերադառնան իրենց օջախներ ու նորից կշենանա թաղամասը։»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև որ բնակիչները խնդրանքով դիմում են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, որպեսզի վերջապես իրականություն դարձնեն իրենց տված խոստումները, որ թաղամասում կկատարեն գազաֆիկացման աշխատանքներ. «Թե չէ, 21-րդ դարում աթարի հույսին ենք։ Էն որ «Արմենիա»-ն «Քարի դար» հաղորդումն էր ցույց տալիս, երևի էնտեղ ավելի լավ էր, քան մեզ մոտ»։ Ֆոտոլրագրողի հարցին, թե ինչն է պատճառը, որ ջրի խնդիր ունենք, բնակիչներն ասում էին. «Մեր ջրի պռունկի վրա, ասես, հայտնի հեքիաթի յոթգլխանի հրեշը նստած լինի։ Նուբարաշենի նախկին թաղապետերից մեկը մի քանի հեկտար մրգատու ծառերի այգի է բացել ու մեր խմելու ջրով ոռոգում է այգին։ Էլ մենք որտեղի՞ց ջուր ունենանք, բազմաթիվ անգամ դիմել ենք այդ այգեգործական ընկերությանը, բայց ոչ մի օգուտ։ Թող պատկան մարմինները հետևություններ անեն ու կպարզեն, թե ինչպես է լինում՝ ամիսներով խմելու ջուր չունենք, իսկ մարդիկ էլ շաբաթներով խմելու ջրով իրենց այգիներն են ջրում»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր