873 դիտում
20:48 03-06-2019
Սննդամթերքի անվտանգության և կենդանիների առողջության ռիսկերի գնահատման և կառավարման կարողությունների հզորացումն առաջնահերթություն է. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) հայաստանյան գրասենյակի տնօրեն Գայանե Նասոյանի, ՊԳԿ սննդամթերքի անվտանգության և սպառողների պաշտպանության հարցերով պատասխանտու Մերի Քեննիի, սննդամթերքի անվտանգության միջազգային խորհրդատուներ Գոկչե Աքբալիկի և Միրզեթ Սաբիրովիչի հետ: Հանդիպման նպատակն էր ևս մեկ անգամ քննարկել-հստակեցնել «Սննդի անվտանգության և կենդանիների առողջության ռիսկի գնահատման և կառավարման կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումները, տեխնիկական հարցերը, փոխանակել տեղեկատվություն:
Ծրագիրն իրականացվելու է ՍԱՏՄ համագործակցությամբ և ամբողջությամբ համընկնում է Տեսչական մարմնի նպատակների հետ:
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը սննդի անվտանգությանը, կենդանիների և բույսերի առողջությանը սպառնացող ռիսկին առնչվող ապացույցների և տվյալների ձեռքբերման, աղբյուրների վերհանման և կատարելագործման հարցերում, անցկացնել ռիսկի գնահատում՝ որոշելու համար սննդի անվտանգության, կենդանիների և բույսերի առողջության առաջնահերթ խնդիրները, մշակել վերահսկողության և ռիսկի կառավարման համապատասխան տարբերակներ՝ վտանգավոր սննդի և կենդանիների տեղաշարժից խուսափելու նպատակով, համալրել տեխնիկական կարողությունները, ինչպես նաև ուժեղացնել ռիսկի վերլուծության հմտությունները՝ կիրառելով հիվանդությունների կանխարգելմանն ու վերահսկմանն միջազգային հաջողված փորձը:
Հանդիպման մասնակիցները կարևորել են ոլորտի խնդիրներով զբաղվող գերատեսչական մարմինների ու կազմակերպությունների սերտ համագործակցությունը, բոլոր կառույցների ամբողջական տեղեկացվածությունը և համատեղ գործողությունները, ինչը թույլ կտա, որ քաղաքական որոշումները լինեն ըստ ամենայնի և բազմակողմանիորեն հիմնավորված:
Վաղը կմեկնարկի ծրագրի շրջանակներում կազմակերպվող անդրանիկ աշխատաժողովը:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ՍԱՏՄ ղեկավարի խորհրդական Էլվիրա Միրզոյանը, «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Մարկոսյանը և ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի ռիսկերի գնահատման կենտրոնի փորձագիտական խմբի ղեկավար Մելինե Բեգլարյանը:
[b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+