3638 դիտում
21:20 01-06-2019
Երևանում բացվեց հայ երգի նվիրյալ Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը
Երևանի Եզնիկ Կողբացի 42/3 հասցեում բացվեց հայ երաժշտության զարգացման և պահպանման նվիրյալ, սոպրանո Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը, որտեղ ներկայացված են Զաքարյանի և նրա ամուսնու` բանասեր, շարականագետ, մանկավարժ, ծիսագետ և երգիչ Խորեն Պալյանի անձնական իրերը, փաստաթղթերն ու նոտաները, նամակներ, գրադարանը և այլ ցուցանմուշներ: Հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/976988.html]«Արմենպրես»[/url]-ը։
Տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ երգչուհու ծննդյան օրը` հունիսի 1-ին:
«1965 թվականին Պալյանը հրաժարվեց հոգևոր գործունեությունից և անցավ աշխարհիկ կյանքի: Նա սկսեց աշխատել ԵՊՀ-ում: Ես էլ էի համալսարանում աշխատում: Այդ ժամանակներից սկսած նվագակցել եմ նրան, մարզերում նաև`Լուսինե Զաքարյանին»,-պատմեց Զաքարյանի ընտանիքի բարեկամ և թանգարանի տնօրեն Սուսաննա Դավթյանը: Նա շեշտեց, որ մինչ օրս չի պատկերացնում Երևանն առանց Լուսինեի և Խորենի: « Նրանք մեր բեմի զարդն էին ու նպաստեցին հայ հոգևոր զարթոնքին»,- ընդգծեց Դավթյանը:
Խորեն Պալյանի եղբորորդի Րաֆֆի Պալյանի խոսքով` մեծ ջանքեր են գործադրել թանգարանը բացելու համար: «Սա մեծ իրադարձություն է ոչ միայն Պալյան ընտանիքի, այլև հայ ժողովրդի համար: Հպարտությամբ ենք հանրությանը հանձնում այս մշակույթի կենտրոնը, որը պետք է ծառայի հոգևոր երաժշտությանը: Այստեղ պետք է հնչեն Զաքարյանի և Պալյանի անզուգական ձայները՝ մարդկանց, որոնք կարողացան հայ հոգևոր, տոհմիկ, միջնադարյան երաժշտությունը հասցնել բարձր մակարդակի»,- եզրափակեց նա:
Լուսինե Զաքարյանի քույրը` Լյուդմիլա Զաքարյանը փաստեց, որ բազմաթիվ երիտասարդներ այսօր չեն ճանաչում մեծ սոպրանոյին: Նա հույս հայտնեց, որ տուն-թանգարանը կարող է նպաստել իր քրոջ թողած ժառանգության հանրահռչակմանը:
Նմանատիպ նյութեր
841 դիտում
19:24 28-06-2024
ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան
525 դիտում
13:00 01-05-2016
Այսօր Լուսինե Զաքարյանի ծննդյան օրն է
Այս բաժնից
937 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
967 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի