211652_close_icon
views-count969 դիտում article-date 16:48 29-05-2019

Արայիկ Հարությունյանը գերմանացի խորհրդարանականների հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 29-ին ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում էին Բունդեսթագի պատգամավորներ Շտեֆան Կոյտերը, Շտեֆեն Կոտրեն, Բրանդենբուրգ երկրամասի խորհրդարանի անդամներ Անդրեաս Կալբիցը ու Անդրեաս Գալաուն և նրանց հետ Արցախ ժամանած ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը: Ա. Հարությունյանը, հերթական անգամ Արցախ այցելելու կապակցությամբ հյուրերին ողջունելով, նախ շնորհավորել է օրերս Եվրոպական խորհրդարանի ընտրություններում կուսակցության ունեցած հաջողության համար և հույս հայտնել, որ այն նոր հնարավորություններ կստեղծի առաջիկայում ավելի ընդլայնելու համագործակցության մակարդակը: «Ուրախ եմ, որ մեր համագործակցությունն արդեն տարիների պատմություն ունի, և այս ընթացքում մեր կուսակցությունների միջև առկա շփումները անընդհատ զարգացել են: Համոզված եմ, որ ստեղծված են բոլոր նախադրյալները որակապես նոր հարաբերություններ ձևավորելու համար»,- ասել է Ա. Հարությունյանը: Հյուրերի խնդրանքով ներկայացնելով կուսակցության առաջիկա ծրագրերը՝ Ա. Հարությունյանը նշել է, որ գալիք տարի սպասվող համապետական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում պատրաստվում են պետական ապահովագրական համակարգի ներդրման միջոցով առողջապահական ծառայությունները Արցախում դարձնել անվճար՝ լուրջ ուշադրություն դարձնելով նաև բուժսպասարկման որակի բարձրացմանը: Ա. Հարությունյանի խոսքով՝ հիմնականում անվճար կդառնա նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառությունը, որտեղ ևս նախատեսվում է որակի հանդեպ պահանջների ու վերահսկողության աճ: «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահն անդրադարձել է նաև հանրապետությունում տնտեսական աճի դինամիկային, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորություններին: Գերմանացի խորհրդարանականները պատրաստակամություն են հայտնել գործնական հարթակում համագործակցության տարբեր ծրագրեր իրականացնել՝ օգտագործելով նաև կուսակցական խողովակները: «Մենք տպավորված ենք Ձեր կուսակցության հետ մեր համագործակցությունից: Հավաստիացնում ենք, որ ունենք բավարար քաղաքական կամք այդ հարաբերությունները զարգացնելու և Արցախի հետ Գերմանիայի ուղիղ շփումներն ընդլայնելու համար»,- ասել է պատվիրակության ղեկավար Ա. Կալբիցը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Գերմանիայում բարեկամության շրջանակի ստեղծման, եվրոպական խորհրդարանում Արցախի հիմնախնդրի նկատմամբ հստակ դիրքորուշման արտահայտման, ինչպես նաև տարբեր հիմնադրամների միջոցով հումանիտար ծրագրերի իրականացման վերաբերյալ: Հիշեցնենք, որ «Ազատ հայրենիք» և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունները համագործակցում են 2015 թ.-ից: Այդ ընթացքում երկու կուսակցությունների պատվիրակությունները կատարել են փոխադարձ այցելություններ, մի շարք ընտրություններում կատարել դիտորդական առաքելություններ:

Նմանատիպ նյութեր