211652_close_icon
views-count1273 դիտում article-date 09:41 28-05-2019

Մաղթում եմ, որ մեր միասնությունը նոր հաղթանակների երաշխիք դառնա, և յուրաքանչյուրիս ազգանվեր, անբասիր գործունեությամբ ապագան մեր հայրենիքի համար նշանավորվի նոր հաղթանակներով

Մայիսի 28-ին համայն հայությունը տոնում է Մայիսյան հերոսամարտերի և Արևելյան Հայաստանի 1-ին հանրապետության հռչակման տարեդարձը, հաղթանակ, որ իրական հպարտությամբ է համակում յուրաքանչյուր հայի, միևնույն ժամանակ հարստացնում համաշխարհային ռազմարվեստի պատմությունը ևս մեկ փայլուն օրինակով, երբ ճակատամարտի ելքը որոշում է ոչ թե հակառակորդի թվաքանակի և սպառազինության առավելությունը, այլ ցեղասպանությունից փրկված, պատմական սրբազան հայրենիքը կորցրած, աշխարհասփյուռ դարձած մի փոքրիկ, բայց ազնվական ժողովրդի վճռական կամքը։ ․․․1918 թվականի մայիսին թուրքական կանոնավոր զորամիավորումները մտել էին Ալեքսանդրապոլ և այնտեղից բաժանվելով երկու խմբավորումների՝ շարժվում էին Ապարանի ուղղությամբ դեպի Ղարաքիլիսա և Սարդարապատի ուղղությամբ դեպի Երևան՝ համայն հայության, Հայաստանի սիրտը: Այլևս ճանապարհ և տեղ չկար նահանջելու. վճռվելու էր Հայաստանի ճակատագիրը, հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը։ Եվ համազգային համախմբում է սկսվում։ Հայ շինականն ու արհեստավորը, արվեստագետն ու մտավորականը, գիտնականն ու հոգևորականը, ամբողջ հայ ժողովուրդը՝ ծեր ու մանուկ, համախմբվում է քաղաքական, հոգևոր վերնախավի շուրջ և մարտերում թրծված հայ սպայակազմի գլխավորությամբ, որոնց մեծ մասը ռազմական հիմնավոր կրթություն էր ստացել Ռուսաստանի զինվորական ակադեմիաներում, այնուհետև թեև ոչ եռագույն դրոշի ներքո, բայց անցել Առաջին աշխարհամարտի հորձանուտով և ռազմական գիտության իմացությամբ ամրապնդված զորավարական տաղանդն և փորձ ուներ, կուռ կամքով և այլևս ոչ մի քայլ չնահանջելու վճռականությամբ դուրս է գալիս անձնուրաց մարտի․․․ Սարդարապատում, Բաշ-Ապարանում հայերը կանգնեցնում են թշնամուն՝ ոչ միայն ապրելու, ազատ լինելու իրենց իրավունքը պաշտպանելով և կերտելով իրենց պետականության նորօրյա փառքն ու վեհությունը, այլև մասամբ ձախողում պանթուրքական ծրագրերը Անդրկովկասյան ճակատում։ Հայ ժողովուրդն ապացուցում է, որ ամեն ինչ կորած չէ, եթե նույնիսկ մարդկային բոլոր գրված և չգրված օրենքներով հաղթելու հնարավորություններ չկան․ ամեն ինչ կորած է, երբ ոգի՛ն է հրաժարվում պայքարելուց։ Ի փառս հայ զորականի՝ պատմաբանները վկայում են, որ եթե չլինեին Հայկական բանակային կորպուսը և հայ զորականի անվրեպ փորձը, հայ աշխարհազորայինները (որքան էլ անմնացորդ լինեին նրանց նվիրումը և գիտակից նահատակության վճռականությունը) առանց ռազմավարական հմտությունների չէին կարող դիմակայել թուրքական կանոնավոր բանակին և չէին հաղթի ո՛չ Սարդարապատում, ո՛չ էլ դրան հաջորդող ճակատամարտերում։ Սարդարապատի հերոսամարտի օրերին ճակատը և թիկունքը միաձույլ ամբողջություն էին, հայ ժողովուրդը լիովին զորավիգ էր իր բանակին, և այդ միասնությունը, ինչպես դարեր առաջ, այնպես էլ այսօր, մեզ ավելի զորեղ է դարձնում։ Ուստի այսօր, ի սրտե շնորհավորելով մեր ժողովրդին Մայիսյան փառահեղ հաղթանակների և Արևելյան Հայաստանի 1-ին հանրապետության հռչակման տարեդարձի կապակցությամբ, ուզում եմ առաջնահերթորեն իմ խորին երախտագիտությունը հայտնել Ազգային բանակի հրամանատարների, զինվորների, ազատամարտիկների, երկրապահների, սահմանին ապրող շինականների այն սերունդներին, որոնք կանգնած են մեր նորօրյա հաղթանակների ակունքերում։ Նրանք այսօր էլ, բոլորից աննկատ, լուռ և արժանապատվորեն, իրենց ծառայությունն են իրականացնում՝ ապահովելով պետական-ազգային շահերի պաշտպանությունը, նպաստելով միջազգային ասպարեզում Հայաստանի դերի, հեղինակության ամրապնդմանը։ Եվ աշխարհաքաղաքական բարդ, արյունալի վերաձևումների մեջ հաղթանակած պետություն ունենալու մեծագույն հպարտություն են պարգևում երիտասարդ սերունդներին։ Մաղթում եմ, որ մեր միասնությունը նոր հաղթանակների երաշխիք դառնա, և յուրաքանչյուրիս ազգանվեր, անբասիր գործունեությամբ ապագան մեր հայրենիքի համար նշանավորվի նոր հաղթանակներով։ [b]ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան[/b]

Նմանատիպ նյութեր