110185 դիտում
23:35 27-05-2019
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Դիտակ գյուղի տարածքում Niva-ն մխրճվել է կայանված ЗИЛ-ի մեջ. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Դիտակ գյուղի վարչական տարածքում ВАЗ 2121 մակնիշի 35 QR 588 համարանիշի ավտոմեքենան մխրճվել է կայանված վիճակում գտնվող ЗИЛ մակնիշի 25 OL 178 համարանիշի ավտոմեքենայի հետնամասի մեջ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց Niva-ի միջից դուրս են բերել քաղաքացիները, տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն: Ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սապայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն և նույն վարչության Արտաշատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և քննչական բաժնի պետի գլխավորությամբ:
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները:
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայր է ժամանել նաև Դիտակ գյուղի գյուղապետը, ում հորդորով քաղաքացիները հեռացան դեպքի վայրից, որպեսզի քննիչները կարողանան դեպքի վայրի զննությունը կատարեն պատշաճ, մինդեռ շատ քաղաքացիներ անընդհատ մտնում էին դեպքի վայր և դժվարացնում քննիչների աշխատանքը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+