211652_close_icon
views-count2456 դիտում article-date 19:32 22-05-2019

Պյոտր Սվիտալսկի. «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և մաեստրո Սմբատյանը Հայաստանի այցեքարտերն են Եվրոպայում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 21-ին Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ համերգ, որը կազմակերպել էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը կատարեցին Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան։ Որպես մենակատար հանդես եկան Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Սոլջերդ Իսալվը (մեցցո-սոպրանո), Իվայլո Միխայլովը (տենոր), Սերգեյ Կովնիրը (բաս)։ Համերգային երեկոյին նախորդած ճեպազրույցում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ շատ ուրախ են օրը նշանավորել դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և նրա գլխավորած Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ. «Նրանք իրապես Հայաստանի այցեքարտերն են Եվրոպայում»։ Շեշտելով, որ ինքը մշակույթի, արվեստի մեծ երկրպագու է՝ դեսպան Սվիտալսկին իր երախտագիտությունը հայտնեց դիրիժոր Սերգեյ Սմբատյանին և բոլոր այն երաժիշտներին, որոնց շնորհիվ Երևանը դարձել է չափազանց աշխույժ մշակութային մայրաքաղաք: Նա բարձր գնահատեց հայկական արվեստը՝ ընդգծելով, որ Հայաստանում իր աշխատանքն ավարտելուց հետո դառնալու է հայկական մշակույթի դեսպանն աշխարհում։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ համերգային ծրագիրը՝ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, շատ համահունչ է օրվա խորհրդին։ Այն երաժշտության մեջ հեղափոխական և մեծագույն արժեք ունեցող սիմֆոնիա է։ Բեթհովենը եվրոպական մշակույթի խորհրդանիշերից մեկն է, համաշխարհային երաժշտարվեստի գագաթներից։ Այս սիմֆոնիան դասական երաժշտության ամենահայտնի ստեղծագործություններից է և ներառում է Ֆրիդրիխ Շիլլերի «Ձոն ցնծության» պոեմից մի հատված, որն էլ Հերբերտ ֆոն Կարայանի վերամշակմամբ օգտագործվում է որպես Եվրոպայի օրհներգ: Համերգի մեկնարկին Պյոտր Սվիտալսկին հանդես եկավ ողջույնի խոսքով՝ նշելով, որ այսօր կարևոր է պաշտպանել Եվրոպական միությունը և դարձնել այն է՜լ ավելի ամուր։ «Երբեմն Եվրոպայի օրը ցույց է տալիս մեր ափսոսանքն այն դառն անցյալի համար, որ ունեցել ենք, բայց նաև ընդգծում է մեր ընդհանուր ձգտումները խաղաղության, համերաշխության և ընդհանուր ինքնության ու պատվի վերաբերյալ: Այս օրը եվրոպացիներիս համար շատ կարևոր է։ Եվրամիությունը լավագույնն է, ինչ ստեղծել է Եվրոպան իր պատմության ընթացքում»,- ասաց Պյոտր Սվիտալսկին։ Դեսպանը խոստովանեց, որ ամենավառ հիշողություններից մեկը, որ տանելու է մեր երկրից, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից և մաեստրո Սմբատյանի ղեկավարմամբ Քշիշտոֆ Պենդերեցկու «Երուսաղեմի յոթ դարպասները» ստեղծագործության կատարումն է: Համերգին ներկա էին նաև Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերի երաժշտական դպրոցների 200 երեխաներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր