211652_close_icon
views-count2136 դիտում article-date 15:39 20-05-2019

Դեսպան Կարեն Նազարյանը մասնակցել է Հռոմում գործող «Սուրբ հող» հրատարակչության տպագրած «Հայաստան» գրքի շնորհանդեսին

Մայիսի 17-ին ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը մասնակցեց Հռոմում գործող «Սուրբ հող» հրատարակչության տպագրած «Հայաստան» գրքի շնորհանդեսին։ Ալբերտո Էլլիի հեղինակած, չորս հարյուր էջանոց գիրքը, ընթերցողի ուշադրությունն է սևեռում Հայաստանի, նրա մարզերի ու Արցախի պատմությանը, մշակույթին և աշխարհագրությանը։ Գրքի շնորհանդեսի արարողությանն ունեցած իր ելույթում դեսպան Նազարյանը նշեց, որ գիրքն իտալախոս համայնքին է ներկայացնում վառ պատմություններ Հայաստանի ու Արցախի մասին, որի միջոցով ընթերցողը ծանոթանում է հայկական հինավուրց հողին՝ որպես ուխտագնացության և յուրօրինակ մշակութային ու հոգևոր փորձառությունների վայր։ Իր խոսքում Կարեն Նազարյանը նշեց, որ գիրքը նաև պատասխանն է մշակութային զտմանն ու դրա քարոզչությանը, որը ցավոք շարունակվում է հայկական դարավոր կոթողների հանդեպ՝ Թուրքիայի և Ադրբեջանի վարած խտրականության և ռասիզմի քաղաքականության արդյունքում։ «Մշակութային ցեղասպանություն․ սա այն է ինչ իրականացվում է հայկական եկեղեցիների հանդեպ նշված հարևան երկրներում, որն ըստ էության 1915թ․ Հայոց ցեղասպանության շարունակությունն է, և այս իրավիճակը հրատապ քայլեր է պահանջում միջազգային հանրություն կողմից»,- նշեց դեսպանն ու կոչ արեց կրկնապատկել ջանքերը կասեցնելու համար մշակութային ժառանգության ոչնչացման փորձերը, որոնք օտարում են ժողովուրդներին և սերմանում ատելություն։ Որպես կառավարության ներկայացուցիչ, որը զբոսաշրջությունը հայտարարել է իր տնտեսական զարգացման առաջնային ճյուղերից մեկը, դեսպան Նազարյանը կարևորեց, որ գրքի միջոցով հնարավոր է ծանոթանալ Հայաստանի ու Արցախի հազարամյակների պատմությանը, ինքնատիպ ճարտարապետությանը, գրականությանը, երաժշտությանը կիրառական արվեստներին և պատմական հուշարձաններին, որոնք ներկայացնում են տարբեր դարաշրջաններ՝ ընթերցողներին ու այցելուներին առաջարկելով հարուստ ընտրություն։ Գրքի շնորհանդեսին որպես զեկուցողներ հանդես եկան գրող Ալբերտո Էլլին և լրագրող Ռոբերտո Օլլան, որոնք ընդգծեցին, որ հայերն օտարների ուշադրությունը գրավում են ստեղծած մշակութային ժառանգությամբ, հարուստ պատմությամբ: Նրանք նաև նշեցին որ հուզիչ է տեսնել, թե ինչպես է հայի նոր սերունդը շարունակում ոգեկոչել ցեղասպանության զոհերին և ինչ աստիճանի նշանակալի և արդիական է այսօրվա հայկական իրականության մեջ պատմական Հայաստանում գտնվող հայկական ժառանգության ազդեցությունը: Շնորհանդեսին, որը վարում էր Ռոբերտ Աթթարյանը՝ «Վատիկան Նյուզ»-ից, ներկա էին ԶԼՄ-ների, զբոսաշրջային ընկերությունների, հայ համայնքի ներկայացուցիչներ ու հոգևոր հայրեր։ [img]https://st0.shamshyan.com/editor/0105888001558347896355022.jpg[/img]

Նմանատիպ նյութեր