211652_close_icon
views-count1820 դիտում article-date 15:33 17-05-2019

Արցախում կայացել է գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման հանրապետական հանձնաժողովի անդրանիկ նիստը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մայիսի 17-ին հրավիրել է ԱՀ-ում 2020 թ․-ին անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման հանրապետական հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Գ․ Մարտիրոսյանը համառոտ ներկայացրել է նմանօրինակ հաշվառման կարևորությունը՝ վկայակոչելով նաև միջազգային փորձը, այդ թվում՝ ՄԱԿ-ի համապատասխան խորհրդատվական առաջարկությունը՝ տասը տարին մեկ անգամ իրականացնելու այսպիսի միջոցառում։ Պետական նախարարը ներկաներին հիշեցրել է, որ Արցախում այս ծրագիրն իրականացվում է առաջին անգամ, ինչը լրացուցիչ կազմակերպվածության և պատասխանատվության անհրաժեշտություն է առաջացնում։ Այնուհետև Գ․ Մարտիրոսյանը նշել է, որ այս տարի հաշվառման փորձարկային տարբերակն իրականացվելու է Ասկերանի շրջանի Նորագյուղ, Ասկերան համայնքներում և Մարտունու շրջանի Հերհեր համայնքում, իսկ արդեն 2020 թ․-ին՝ ամբողջ Արցախում։ Պետնախարարը հանձնարարել է ներկաներին, ի մասնավորի՝ Ստեփանակերտի քաղաքապետին և շրջանների վարչակազմերի ղեկավարներին, որ տեղերում առավելագույնս աջակցեն հաշվառումն իրականացնող պետական մարմնին՝ ազգային վիճակագրական ծառայությանը։ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանն իր հերթին՝ որպես նիստի զեկուցող, ներկայացրել է գյուղատնտեսական համատարած հաշվառման անհրաժեշտությունը, էությունը, վիճակագրական բնույթը և կազմակերպչական հարցերը։ Ներկայացնելով նաև ծրագրային ծախսերի նախահաշիվը՝ Մ․ Մինասյանը նշել է, որ բյուջեն կազմվել է առավելագույնս խնայողաբար՝ դուրս թողնելով այն ծախսերը, որոնց կրճատումն էականորեն չի ազդի վերջնարդյունքի վրա։

Նմանատիպ նյութեր