211652_close_icon
views-count1519 դիտում article-date 22:30 02-07-2015

Կայացել է հանրապետական ընդունող հանձնաժողովի անդրանիկ նիստը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015-2016 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը` ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2015 թ. ընդունելության առաջին փուլի նախնական արդյունքների ներկայացում, ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ կետի արտոնություններից օգտվող դիմորդների ցուցակի քննարկում, քաղաքացիների դիմում-բողոքների քննարկում և ընթացիկ այլ հարցեր: Մինչ օրակարգի հիմնական հարցերին անդրադառնալը՝ ՀՀ ԿԳ նախարարը շնորհավորել է ԵՊՀ, ԵՊԲՀ և Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորներին՝ բուհերի հոգաբարձուների խորհուրդների վերջերս կազմակերպած մրցույթներում հաղթող ճանաչվելու համար: Այնուհետև ՀՀ ԿԳ նախարարն արդյունավետ աշխատանք է մաղթել հանրապետական ընդունող հանձնաժողովին՝ շեշտելով, որ հանձնաժողովի հիմնական առաքելությունն ընդունելության քննությունների դրական միավորներ ստացած դիմորդների կրթության իրավունքի լիարժեք իրացումն ապահովելն է: Նախարարի գնահատմամբ կենտրոնացված քննությունների հիմնական փուլն անցել է կազմակարպված և բոլոր նախադրյալներն առկա են՝ հուլիսի 3-ից մեկնարկող լրացուցիչ փուլի քննությունները նույնպես բարձր մակարդակով կազմեկերպելու համար: Անդրադառնալով քննությունների վերաբերյալ ստացված դիմում-բողոքներին՝ նախարարը հանձնարարել է բոլոր դեպքերն առանձին ուսումնասիրել, ապահովել օբյեկտիվությունը և ներկայացնել համապատասխան եզրակացություն: Այնուհետև Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը ներկայացրել է 2015 թ. ընդունելության նախնական արդյունքները. հունիսի 2-23-ը տեղի ունեցած ընդունելության միասնական քնությունները կազմակերպելու համար հանրապետությունում ձևավորվել է 34 քննական կենտրոն, որից 10-ը Երևանում, մնացածը մարզերում: Բոլոր քննական կենտրոններում տեղադրված են եղել տեսախցիկներ և քննություններն ամբողջությամբ նկարահանվել են: Քննությունների կազմակերպման և անցկացման աշխատանքներին մասնակցել են 360 ԳԹԿ ներկայացուցիչներ, 386 կազմակերպիչներ և 101 օպերատորներ: Առաջին փուլի ընդունելության հայտ են ներկայացրել 11803 դիմորդ, որը նախորդ տարվա ցուցանիշից 500-ով պակաս է: Գ. Մելիքյանը նշել է նաև, որ դիմորդների նշված թվի մեջ ներառված չեն արվեստի բուհերի դիմորդները, ովքեր հանձնում են ներբուհական քննություններ, ինչպես նաև ՀՀ-ում գործող միջպետական բուհերի ստացած հայտերի տվյալները: Դիմում հայտերի մեկ երրորդը ներկայացվել է մայրաքաղաքից, մնացածը՝ մարզերից և Արցախից: Ըստ առարկաների՝ դիմորդներն առավել թվով քննություններ են հանձնել հայոց լեզվից, մաթեմատիկայից ու անգլերեն լեզվից: Այս տարի պարսկերեն և իսպաներեն լեզուներով քննության հանձնաժողովներ չեն ձևավորվել: Քննություններին չեն ներկայացել ընդհանուր դիմորդների 9 տոկոսը: Առողջական դրդապատճառներով քննությունն ընդհատել են 64 դիմորդներ, ովքեր, համաձայն կարգի՝ հնարավորություն կստանան նույն քննությունը հանձնել լրացուցիչ փուլի ժամանակ: Քննություններից հեռացվել է 6 դիմորդ: Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները ունեցել են շուրջ 50 դիմորդ: Որպես օրինաչափություն, ինչպես նշել է Գ. Մելիքյանը, քննությունների արդյունքներն առավել բարձր են օտար՝ անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներից: Առավել թվով անբավարար ստացել են ռուսաց լեզվից՝ շուրջ 25 տոկոս, հաջորդում են կենսաբանությունն ու ֆիզիկան՝ մոտ 20 տոկոս: ԳԹԿ տնօրենը տեղեկացրել է նաև, որ ընդունելության երկրորդ փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 900 դիմորդ, որը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 120-ով: ՀՀ ԿԳ նախարարը հանձնարարել է հանրապետական ընդունող հանձնաժողովի հաջորդ նիստին դիմորդների թվաքանակի վերաբերյալ ներկայացնել առավել համապարփակ տեղեկատվություն՝ ներառելով նաև միջպետական բուհերի և ներբուհական քննությունների տվյալները: Անդրադառնալով միջազգային մրցույթներում և օլիմպիադաներում հաղթած դիմորդների բարձրագույն կրթություն ստանալու արտոնությանը՝ նախարարը նշել է, որ ԿԳՆ-ն պատրաստվում է դիմել կառավարությանը՝ պահուստային տեղերի վարաբաշխում կատարելու նպատակով: Հաշվի առնելով Հայաստանի կրթական համակարգի միջազգայնացման դինամիկ տեմպը՝ ՀՀ բուհերն արդեն ունեն նաև դիմորդներ միջազգային դպրոցների շրջանավարտներից: Հիմք ընդունելով կանոնակարգերի տարբերությունները՝ հանրապետական ընդունող հանձնաժողովը ՀՀ ԿԳ նախարարի առաջարկությամբ որոշել է թույլատրել նման շրջանավարտներին՝ մասնակցել ընդունելության քննությունների լրացուցիչ փուլին՝ ավարտական փաստաթղթերն ավելի ուշ ներկայացնելու պայմանով: Նիստի ավարտին հանարապետական ընդունող հանձնաժողովը որոշում է կայացրել՝ ավարտական վկայականների՝ ատեստատների բուհեր ներկայացնելու վերջնաժամկետ սահմանել սույն թվականի հուլիսի 10-ը՝ ներառյալ:

Նմանատիպ նյութեր