211652_close_icon
views-count2945 դիտում article-date 16:26 17-05-2019

Արցախի ԱԳՆ-ն անդրադարձել է բանակցությունների ձևաչափի և հակամարտության կարգավորման իրավական հիմքերի շուրջ Ադրբեջանի շահարկումներին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանական իշխանությունների կողմից բանակցությունների ձևաչափի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական հիմքերի շուրջ շարունակվող շահարկումների կապակցությամբ: Ներկայացնում ենք Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը. «Ադրբեջանական իշխանությունների կողմից բանակցությունների ձևաչափի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական հիմքերի շուրջ շարունակվող շահարկումների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում մի շարք դիտարկումներ անել։ Ադրբեջանական իշխանությունները համառորեն փորձում են 1993 թ․ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևերը ներկայացնել որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական հիմք։ Նման մոտեցումն Ադրբեջանի կողմից այդ փաստաթղթերի կամայական մեկնաբանման ակնառու օրինակներից է։ Այս առումով հարկ է նշել, որ հատկապես` միջազգային խաղաղությանը վտանգ չներկայացնող լոկալ հակամարտությունների կարգավորման համար ՄԱԿ-ի Կանոնադրությամբ նախատեսվում է դիմել, առաջին հերթին, տարածաշրջանային կազմակերպություններին: Այս մոտեցմամբ էր առաջնորդվում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարցում` ի սատարումն ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ի ջանքերին ձեռնպահ մնալով ուղղակի միջնորդական նախաձեռնություններից, ինչն ուղղակիորեն ամրագրված է բանաձևերում: Հենց այս պատճառով էլ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդի կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման պարամետրեր կամ սկզբունքներ չեն սահմանվել: ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերում, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարների հայտարարություններում արտահայտված միջազգային հանրության դիրքորոշման համաձայն՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման հարցը գտնվում է ԵԱՀԿ իրավասության ներքո, որը ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Ֆրանսիային է հանձնել միջնորդական առաքելություն իրականացնելու մանդատ: Բացի այդ, ինչպես և ցանկացած փաստաթուղթ, ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը չեն կարող դիտարկվել ժամանակի համատեքստից և դրանց ընդունման հանգամանքներից դուրս։ Բոլոր չորս բանաձևերն ընդունվել են ակտիվ մարտական գործողությունների շրջանում՝ նպատակ ունենալով վերջ դնել պատերազմին և սկսել քաղաքական երկխոսություն՝ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով կարգավորելու նպատակով, ինչպես դա պահանջում է ՄԱԿ-ի Կանոնադրությունը։ Այն փաստը, որ 1994 թ. մայիսի 12-ին Արցախի (Լեռնային Ղարաբաղի), Ադրբեջանի և Հայաստանի միջև կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին անժամկետ համաձայնագրի ստորագրումից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այլևս Արցախին առնչվող բանաձևեր չի ընդունել, նույնպես հաստատում է, որ այդ կառույցը չի զբաղվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման հարցով։ Անհրաժեշտ է հատուկ ընդգծել, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը չեն իրականացվել հենց Ադրբեջանի դիրքորոշման պատճառով, որը կտրականապես հրաժարվում էր ժամանակին և լիարժեք կերպով իրականացնել բոլոր բանաձևերի հիմնական պահանջը՝ կրակի, բոլոր ռազմական և թշնամական գործողությունների անհապաղ դադարեցում։ Առաջին բանաձևի ընդունման պահից մինչև 1994 թ․ մայիսին կրակի դադարեցման մասին անժամկետ համաձայնագրի ստորագրումն անցած մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմը բազմիցս խախտել է ժամանակավոր զինադադարի մասին պայմանավորվածությունները կամ հրաժարվել երկարաձգել դրանք։ Խաղաղություն երաշխավորելու և իրեն ռազմական գործողությունների դադարեցման պարտավորություններով կաշկանդելու չկամության ֆոնին ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերին պաշտոնական Բաքվի հղումները ռազմական առավելության հասնելու նպատակ էին հետապնդում՝ պատերազմը շարունակելու համար։ Բացի այդ, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակի ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի նպատակամետ քաղաքականությունը, վստահության ամրապնդման ու լարվածության թուլացման նպատակով միջոցներ ձեռնարկելու նրա չկամությունը, հայատյացության խրախուսումը, հրաժարումն Արցախի հետ ուղիղ բանակցություններ վարելուց, բոլոր հնարավոր միջոցներով Արցախը մեկուսացնելու փորձերը, ինչպես նաև մասնագիտացված մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների Արցախ այցերին խոչընդոտելը հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի մեջ տեղ գտած մի շարք պահանջների և կոչերի, մասնավորապես՝ զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք դժվարացնում են հակամարտության խաղաղ կարգավորումը (բանաձևեր 822, 853), անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական և թշնամական գործողությունները՝ կայուն հրադադար հաստատելու նպատակով «բանաձև 822», բանակցություններ վարել կողմերի միջև ուղիղ շփումների միջոցով (բանաձև 853), ապահովել ԵԱՀԽ Մինսկի համաժողովի անհապաղ հրավիրում՝ հակամարտության բանակցված կարգավորման հասնելու նպատակով (բանաձև 874), տարածաշրջանում վերականգնել տնտեսական և էներգետիկ կապերն ու հաղորդակցության ուղիները (բանաձև 853), ապահովել մարդասիրական օգնության տրամադրմանն ուղղված միջազգային գործունեության անարգել իրականացում (բանաձևեր 822, 853, 874)։ Ադրբեջանի կողմից այդ բանաձևերի սաբոտաժը և փորձերը՝ դրանք օգտագործել ամբողջովին հակառակ նպատակներին հասնելու և ռազմական գործողությունների շարունակումն արդարացնելու համար, ստեղծեցին մի իրավիճակ, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն այլևս նոր բանաձևեր չընդունեց։ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի 1994 թ. ապրիլի 15-ի հայտարարությունը և Բիշքեկյան արձանագրությունը, որը 1994 թ․ մայիսի 5-8-ը ստորագրվել էր Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների կողմից, ճանապարհ են հարթել վերոհիշյալ երեք կողմերի ռազմական ղեկավարների միջև 1994 թ․ մայիսի 12-ին կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի ստորագրման համար։ Ադրբեջանի փորձերը` որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմք ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ այն բանաձևերի առանձին դրույթները, որոնք հենց ինքն է խաթարել 26 տարի առաջ, հակասում են բարեխղճության սկզբունքին։ Հղում կատարելով այդ բանաձևերին՝ պաշտոնական Բաքուն իրականում փորձում է հասնել արդյունքի (ռազմական առավելության ապահովում), որը հակասում է բանաձևերի նպատակներին (հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում՝ խաղաղության և կայունության ամրապնդման նպատակով)։ Պաշտոնական Բաքվի կողմից ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի և, ընդհանուր առմամբ, միջազգային իրավունքի նորմերի ոչ համարժեք մեկնաբանման հերթական ապացույցն է բանակցություններ վարելու համաձայնությունը որպես ադրբեջանական կողմի փոխզիջում ներկայացնելու փորձը։ Միևնույն ժամանակ, վեճերի խաղաղ կարգավորումը՝ ներառյալ բանակցությունների միջոցով, ՄԱԿ-ի կանոնադրության իրավականորեն պարտադիր պահանջ է և չի կարող սակարկության առարկա լինել: Բացի այդ, 2008 թ. մարտի 14-ին Ադրբեջանը նախաձեռնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Լեռնային Ղարաբաղի շուրջ բանաձևի ընդունում՝ դրանով իսկ հաստատելով, որ Անվտանգության խորհուրդը չի զբաղվում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով, իսկ նրա կողմից 1993 թ․ ընդունված 4 բանաձևերը չեն կարող կիրառվել որպես կարգավորման սկզբունքներ։ ՄԱԿ-ի Կանոնադրության հոդված 12-ի կետ 1-ի համաձայն՝ «Այն ընթացքում, երբ Անվտանգության խորհուրդը որևէ վեճի կամ իրավիճակի առնչությամբ իրականացնում է սույն կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթները, Գլխավոր ասամբլեան այդ վեճի կամ իրավիճակի վերաբերյալ չի կարող որևէ հանձնարարական ներկայացնել, եթե Անվտանգության խորհուրդը չդիմի այդպիսի խնդրանքով»: Ուշագրավ է, որ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահ երկրները, որոնք նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, դեմ են քվեարկել Գլխավոր ասամբլեայի տվյալ բանաձևին։ Անհիմն են նաև Բաքվի նկատառումներն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ձևաչափի վերաբերյալ։ Ադրբեջանական կողմը փորձում է որպես իր դիրքորոշման հաստատում ներկայացնել Մինսկի համաժողովի առաջին նախագահ Մարիո Ռաֆաելլիի վաղ նամակներից մեկը՝ այդուհանդերձ անտեսելով և՛ բանակցությունների ձևաչափի շուրջ քննարկման ընդհանուր համատեքստը, և՛ տվյալ հարցի առնչությամբ ԵԱՀԿ-ում ընդունված հետագա որոշումները։ Հարկ է նշել, որ 1992 թ․ սեպտեմբերի 23-ին՝ վերոհիշյալ նամակն ուղարկելուց ընդամենը մեկ շաբաթ անց, Մարիո Ռաֆաելլին նոր նամակ է հղել ԵԱՀԽ Գործող նախագահ Յոզեֆ Մորավչիկին։ Նամակում Մինսկի համաժողովի նախագահն ընդգծում է, որ «Իտալիայի նախագահությունն անշեղորեն հավատարիմ է եղել և շարունակում է հավատարիմ մնալ այն սկզբունքին, որ «ընտրված և այլ ներկայացուցիչներ» բանաձևը թույլ չի տալիս խտրություն դնել Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական կողմերի միջև»։ Այնուհետև Մարիո Ռաֆաելլին նշում է, որ «նման տարբերակում սահմանող մանդատի դասակարգումն արդարացված կլիներ»։ Նամակում ասվում է․ «Հայկական ծագում ունեցող բնակչությունը, անշուշտ, հիմնական շահագրգիռ կողմն է հանդիսանում ոչ միայն այն պատճառով, որ թվով 4 անգամ գերակշռում է ադրբեջանական ծագում ունեցող բնակչությանը, այլև, քանի որ նա իրականացնում է տարածքի դե ֆակտո վերահսկում, ինչպես նաև հանդիսանում է ստատուս քվոյի փոփոխման մեջ շահագրգռված կողմ։ Այսպիսով, յուրաքանչյուր անկողմնակալ դիտորդի համար նա «Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը՝ Արցախի ԱԳՆ» հանդիսանում է ադրբեջանական կառավարության հիմնական զրուցակիցը»։ Հակամարտության հետագա ընթացքը համոզիչ կերպով ցուցադրել է, որ Արցախը դրա հիմնական կողմերից մեկն է։ Այդ մասին են վկայում նաև Արցախի և Ադրբեջանի միջև անցկացված մի շարք ուղիղ բանակցությունները, ներառյալ՝ բարձրագույն մակարդակով հանդիպումը, ինչպես նաև 1993 թ․ Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղղակի ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ռազմական գործողությունների սահմանափակման, ժամանակավոր զինադադարի և դրա երկարաձգման մասին։ 1993 թ․ Արցախի կարգավիճակը որպես հակամարտության լիարժեք կողմ ճանաչվել է միջազգային հանրության կողմից, ինչն այնուհետև իր արտացոլումն է գտել ինչպես ՄԱԿ-ի ԱԽ այն բանաձևում, որին Ադրբեջանը հղում է անում, այնպես էլ ԵԱՀԽ Բուդապեշտի 1994 թ․ գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթում։ Ինչպես մենք բազմիցս նշել ենք, համաձայն Բուդապեշտի գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթի, հակամարտության կողմեր են հանդիսանում կրակի դադարեցման մասին 1994 թ․ մայիսի 12-ի պայմանավորվածությունները հաստատած կողմերը։ Անհրաժեշտ ենք համարում հերթական անգամ հիշեցնել, որ 1994 թ․ մայիսի 12-ի կրակի դադարեցման մասին համաձայնագիրը ստորագրվել է Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից։ 1994 թ․ հուլիսի 26-27-ը Արցախը, Ադրբեջանը և Հայաստանը ստորագրել են լրացուցիչ համաձայնագիր, որում վերահաստատել են «հրադադարը պահպանելու իրենց պարտավորությունները՝ ընդհուպ մինչև մեծ քաղաքական համաձայնագրի ստորագրումը»։ 1994 թ․ օգոստոսի 29-ին Արցախը, Ադրբեջանը և Հայաստանը հանդես են եկել պաշտոնական հայտարարություններով, որոնցում հրապարակայնորեն հաստատել են կրակի դադարեցման մասին համաձայնագրերը պահպանելու իրենց պարտավորությունները։ 1994 թ․ օգոստոսի 31-ին Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված էր․ «Մոսկվայում ողջունում են այս օրերին Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում արված հատուկ հայտարարությունները, որոնցում գոհունակություն է հայտնվում առ այն, որ հակամարտության բոլոր կողմերը պահպանում են Լեռնային Ղարաբաղի շուրջ և հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ից ՌԴ միջնորդությամբ հաստատված հրադադարը։ Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունների ղեկավարների կողմից հրադադարի մասին հրամանների վերահաստատումը, հնարավոր խախտումների մեջ մեղավոր անձանց նկատմամբ պատժամիջոցների մասին հայտարարելը, հրադադարի ռեժիմը պահպանելու ընդգծված վճռականությունը՝ ընդհուպ մինչև զինված հակամարտության դադարեցման մասին քաղաքական համաձայնագրի կնքումը, մեծացնում են վստահությունն այն բանի հանդեպ, որ չնայած բոլոր դժվարություններին՝ Ղարաբաղում խաղաղ կարգավորման գործընթացը կարելի է անշրջելի դարձնել»։ 1994 թ․ նոյեմբերի 12-ին՝ հրադադարի ռեժիմը պահպանելուց 6 ամիս անց, Մինսկի խմբի գործող նախագահ Անդրես Բյուրները հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է. «գոհունակությամբ ողջունել եմ այսօր Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի առաջնորդների կողմից հրապարակված հուսադրող հայտարարությունները, որոնցում նրանք կրկին վերահաստատում են հրադադարը պահպանելու իրենց աներկբա պարտավորությունները՝ ընդհուպ մինչև ավելի լայն քաղաքական համաձայնագրի ստորագրումը»։ Անհրաժեշտ է նաև նշել, որ հայտարարության տեքստը կողմերին էին առաջարկել Անդրես Բյուրները և ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ դեսպան Վլադիմիր Կազիմիրովը։ 1995 թ․ փետրվարի 3-ին Մինսկի խմբի համանախագահությունը հրադադարի ռեժիմի ամրապնդման առաջարկով դիմել է Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ղեկավարությանը։ Բոլոր երեք կողմերի համաձայնությունը ստանալուց հետո միջնորդներն Ադրբեջանին, Հայաստանին և Արցախին ծանուցում են ուղարկել համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին, ինչպես նաև ուղիղ անհետաձգելի կապ հաստատելու համար նշել են Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում գործող կառավարական միջքաղաքային կապի հեռախոսահամարները։ Բոլոր այդ փաստերը կասկածի տեղիք չեն տալիս, որ Բուդապեշտի գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթի՝ հրադադարի մասին համաձայնագիրը հաստատած կողմերին վերաբերող ձևակերպումը ենթադրում է Ադրբեջանը, Հայաստանը և Արցախը (Լեռնային Ղարաբաղը)։ Այդ հարցում վերջնականապես պարզություն է մտցվել ԵԱՀԿ Գործող նախագահ, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Լասլո Կովաչի կողմից, ով 1995 թ․ մարտի 31-ին Պրահայում կայացած ԵԱՀԿ Ղեկավար խորհրդի նիստի ժամանակ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ և «վերահաստատել կողմերի կարգավիճակի մասին ԵԱՀԿ նախորդ որոշումները, ինչը ենթադրում է հակամարտության մեջ ներգրավված երկու մասնակից պետությունների, ինչպես նաև հակամարտության երրորդ կողմի (Լեռնային Ղարաբաղի) մասնակցությունն ամբողջ բանակցային գործընթացին, ներառյալ՝ Մինսկի համաժողովը»։ Հենց այդ եռակողմ ձևաչափով են բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում շարունակվել մինչև 1997 թ․ ապրիլը, երբ, փաստորեն, խափանվել են Ադրբեջանի կողմից, որը փորձում էր որպես կարգավորման հիմք պարտադրել 1996 թ. ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթաժողովին իր կողմից ներկայացված ոչ փոխզիջումային առաջարկները։ Ուշագրավ է, որ երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսեցին կայանալ բարձրագույն մակարդակով երկկողմ հանդիպումներ, ԵԱՀԿ-ն երկկողմ զրույցը չէր դիտարկում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին փոխարինող։ Մասնավորապես, 1999 թ․ ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովի ժամանակ ԵԱՀԿ մասնակից պետությունները, իրենց սատարումը հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև երկխոսությանը և կոչ անելով շարունակել այն, միաժամանակ հույս են հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները կվերսկսվեն։ [img]https://st0.shamshyan.com/editor/0919970001558090440563277.jpg[/img][img]https://st0.shamshyan.com/editor/0700867001558090442299404.jpg[/img][img]https://st0.shamshyan.com/editor/0877027001558090443418040.jpg[/img][img]https://st0.shamshyan.com/editor/0123131001558090445831199.jpg[/img][img]https://st0.shamshyan.com/editor/036013400155809044629444.jpg[/img][img]https://st0.shamshyan.com/editor/0005211001558090447782996.jpg[/img][img]https://st0.shamshyan.com/editor/0937357001558090448856250.jpg[/img]

Նմանատիպ նյութեր