211652_close_icon
views-count33511 դիտում article-date 21:14 12-11-2017

ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանն անդրադարձել է իր անվան հետ կապված շահարկումներին

ԵՊՀ դոցենտ, ռեկտորի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=524046471282875&id=100010325801128&pnref=story]էջում[/url] անդրադարձել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումների ընթացքում իր անվան հետ կապված շահարկումներին: «Վերջին օրերին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումների ժամանակ մի քանի անգամ հիշատակվեց նաև իմ անունը: Բոլոր նրանց, որոնք գրել են իմ մասին, անձամբ ճանաչում եմ և վստահ եմ, որ ամպագոռգոռ խոսքերի հետևում շատ կոնկրետ անձնական պատմություններ կան: Բայց առաջ չընկնեմ, սկսեմ սկզբից: Նախ՝ ես՝ Ալիկ Ղարիբյանս, որպես ԵՊՀ դոցենտ, ռեկտորի աշխատակազմի ղեկավար, նաև պատասխանատու եմ համալսարանում դասերի անխաթար ու անընդհատ ընթացքի համար, իսկ դա նշանակում է, որ ի պաշտոնե ես դեմ եմ դասապրոցեսի տապալման յուրաքանչյուր փորձի: Երկրորդ՝ ես ինքս կարծում եմ, որ օրինագիծը շատ կարևոր ու կենսական նշանակություն ունի մեր երկրի համար: Փորձելով հնարավորինս կարճ ձևակերպել ասելիքս՝ նշեմ միայն մի քանի դրույթ: Մեր պետության ձևավորման առաջին իսկ օրվանից գործած տարկետման իրավունքի և բուհերում ռազմագիտության ամբիոնների վերացման պատճառով այժմ մոտավորապես մի քանի տասնյակ հազար առողջ տղամարդ ի վիճակի չէ մասնակցելու մեր երկրի պաշտպանությանը այն պարզ պատճառով, որ զենք բռնել չգիտի: Նաև իմ նախաձեռնությամբ, քանիցս կազմվել և Հայաստանի պաշտպանության գերատեսչությանն է ներկայացվել մի նախագիծ, ըստ որի՝ տարկետման իրավունքից օգտված տղամարդիկ կկարողանային գոնե ծանոթանալ զինծառայության առանձնահատկություններին և մասնավորապես անցնել կրակային պատրաստություն: Երկրորդ՝ արդարությունից, ազգային համերաշխությունից և մարդու իրավունքների պաշտպանությունից խոսողներին ուզում եմ հարցնել. ինչքա՞ն է արդար, որ Արցախում ծնված հայ երիտասարդը չպետք է օգտվի տարկետման իրավունքից, իսկ մյուսները կարող են օգտվել: Չեմ ուզում չարաշահել ձեր համբերությունը, բայց որպես պատմության մասնագետ չեմ կարող չասել նաև սա. այս տարածաշրջանում մեր հետագա գոյությունը, կենսունակությունը և բարգավաճումը ուղղակի կապված են հայկական բանակի հզորացման հետ. մենք պարտավոր ենք հանուն դրա անել ամեն ինչ: Իմ անունը հիշատակած մարդիկ շատ չեն: Առաջինին՝ Արարատ Միրզոյանին, ճանաչում եմ ուսանողական տարիներից, ավելին՝ մի որոշ ժամանակ նա, ուսխորհրդի նախագահի ընտրություններում պարտվելով ինձ, դարձավ իմ տեղակալը: Ես ենթադրում եմ, որ այդ տարիները շատ վճռական նշանակություն են ունեցել Արարատի ներկա հոգեբանության ձևավորման վրա: Չեմ ուզում շատ մանրանալ, բայց հետահայացով հասկանում եմ, որ ես ակամա տասնամյակներ շարունակ Արարատի կողմից ընկալվել եմ որպես իր մրցակից, սակայն ցավալիորեն ինքը պարտվել է հնարավոր բոլոր հատույթներում՝ մասնագիտականից մինչև անձնական: Իմ կարծիքով, անձնական շատ խորը վիրավորանքի արդյունք է այն, որ պատահաբար ԱԺ-ում հայտնված ու բնավ հայտնի լեռան մեծությունը չունեցող անձը անձամբ է ստանձնել ԵՊՀ-ի դեմ արշավը ղեկավարելու պատասխանատվությունը և իր օգնականին՝ Վահան Կոստանյանին, ուղարկել է ուսանողական շարքերը՝ փորձելով խաղալ ուսանողների ամենից նվիրական զգացմունքների հետ: Սիրելի Արարատ, շատ բաներ ես ինքս էլ չէի հիշում, բայց կան մարդիկ, ովքեր շատ լավ հիշում են և քեզ, և ինձ, և հատկապես այդ մարդիկ են ասում, որ փաստորեն դու նորից պարտվելու ես: Որպես պատմության ֆակուլտետի ուսխորհրդի նախագահի նախկին թեկնածուի և քաղաքական կարիերա սկսող մարդու՝ ուզում եմ քեզ խորհուրդ տալ ընթերցել «Ընկ. Բ. Փանջունի» վեպը. դու պարզապես կապշես ձեր նմանությունների վրա: Մյուս անձնավորությունը, որ նվաստիս մասին մամուլում գրել է, Կարպիս Փաշոյանն է: Կարպիսին ճանաչում եմ իր ուսանողական տարիներից, երբ պայքարում էր հայ-թուրքական արձանագրությունների դեմ: Իմ գնահատմամբ, Կարպիսը ազնիվ, կարդացած, բայց շատ տաքարյուն և ծայրահեղությունների մեջ ընկնող երիտասարդ է, ու հենց դա է նրան խանգարում, որ լավ պատմաբան դառնա: Սիլվա Կապուտիկյանի և այլոց հասցեին նրա տված էքսցենտրիկ որակումներին ծանոթանալուց հետո հասկացա, որ իրականում Կարպիսը շատ հարգում է ինձ: Սիրելի Կարպիս, ես շատ ավելին գիտեմ, քան դու ենթադրում ես, և երբ ասում եմ, որ պետք չէ քաղաքականացնել, նկատի ունեմ շատ կոնկրետ բաներ, որոնք գուցե դու հեռվից չես տեսնում: Օրինակ՝ գիտե՞ս արդյոք, որ ՕՐՕ-ի նախկին երիտթևի պատասխանատուն այսօր փորձում է որոշակի ուղղորդումներ մտցնել երիտասարդական շարժման մեջ: Սիրելի Կարպիս, հայ պատմագիտությանը վաղուց հայտնի են մինչև սրտի խորքը վիրավորված անձինք, ովքեր այսօր էլ կան, փորձում են կեղտ լցնել նույնիսկ ամենից հերոսական էջերի վրա: Որպես ավագ գործընկեր՝ ուզում եմ ասել, որ ավելորդ տաքարյունությունը և ծայրահեղ գնահատականները քեզ խանգարել են և խանգարելու են: Ինչ վերաբերում է կոնկրետ երիտասարդական շարժմանը: Ուղիղ 15 տարի է անցել այն օրվանից, երբ ես լքեցի ուսանողական նստարանը: Ես և իմ ընկերները շատ լավ ենք հիշում, թե ինչպես էինք ընդդիմանում ԵՊՀ այն ժամանակվա ղեկավարությանը և հանուն ինչի: Օրինակ՝ ես հպարտությամբ եմ հիշում, որ տարիներ տևած նաև իմ հետևողական աշխատանքի շնորհիվ ԵՊՀ պատմության ֆակուլտետում բացվեց ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի լսարանը: Ավելին՝ 2004 թ. ես ակտիվորեն մասնակցել եմ տարկետման իրավունքի վերացման օրինագծի դեմ ակցիաներին ոչ թե այն պատճառով, որ ես ինքս պետք է օգտվեի. ես արդեն օգտվել էի, իսկ օրենքը հետադարձ ուժ չունի, այլ որովհետև ես դեմ էի ու հիմա էլ դեմ եմ այդ իրավունքի վերացմանը: Քննարկվող օրինագիծը ոչ թե վերացնում, այլ փոփոխում է տարկետման իրավունքի ձևը: Այսօր ես, ակամա հայտնվելով բարիկադի մյուս կողմում, շատ մեծ հարգանք ունեմ բազմաթիվ ուսանողների հանդեպ, որոնք այս պահին գտնվում են փողոցում: Օրինակ՝ Դավիթ Պետրոսյանն իմ լավագույն ուսանողներից է, և ես հպարտ եմ, որ կարողացել եմ իր մեջ սերմանել սեփական ուժերին հավատալու, Հայաստանը ավելի լավը դարձնելու, հայ լինելով հպարտանալու գաղափարները, որոնց շնորհիվ ինքը անխախտ կանգնած է իր համոզմունքներում: Եվ վերջում մի քանի խոսք իմ ունեցվածքի մասին: Մի հրաշալի խոսք կա. ես շատ բան ունեմ, բայց ոչ այնքան, ինչքան մտածում են ուրիշները: Մի քիչ, իհարկե, վիրավորված եմ, որ իմ ունեցվածքով հետաքրքրվողներն այնքան ապիկար են, որ իրենց ունեցած տեղեկությունները վերջին անգամ թարմացրել են 2009 թվականին, քանի որ լուսանկարում պատկերված ավտոմեքենան հենց այդ թվականին եմ վաճառել», գրել է Ա. Ղարիբյանը:

Նմանատիպ նյութեր