211652_close_icon
views-count1661 դիտում article-date 18:00 16-05-2019

ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տարածաշրջանային տնօրենի հետ

Մայիսի 15-ին Միավորված ազգերի կազմակերպության ժնևյան գրասենյակում Հայաստանի Հանրապետության նորանշանակ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տարածաշրջանային տնօրեն և Եվրոպայում փախստականների և միգրանտների հարցերով հատուկ համակարգող Աֆշան Խանի (Afshan Khan) հետ։ Զրույցի ընթացքում դեսպան Հովհաննիսյանն ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունները բարձր են գնահատում մեր երկրում երեխաների իրավունքների պաշտպանության և նրանց կյանքի պայմանների բարելավման ուղղությամբ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կարևոր դերակատարությունը՝ նշելով, որ այս տարի բոլորեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի երևանյան գրասենյակի գործունեության 25-ամյակը։ Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրեց նաև Հայաստանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ շեշտադրելով երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարվող քայլերը։ Անդրադառնալով երեխաների պաշտպանության ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրենը պատրաստակամություն հայտնեց այսուհետ ևս շարունակելու Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունը։ Աֆշան Խանը ներկայացրեց հիմնադրամի գործունեության առաջնահերթությունները և նշեց, որ այս տարի լրանում է նաև Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային կոնվենցիայի 30-ամյակը։ Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև համագործակցության հեռանկարները։

Նմանատիպ նյութեր