211652_close_icon
views-count2457 դիտում article-date 14:02 15-05-2019

Մենք սկզբունքորեն կողմ ենք բանակցություններին Արցախի մասնակցությանը. Զոհրաբ Մնացականյանն արձագանքել է Մամեդյարովի հայտարարությանը

Հայաստանի Հանրապետությունը սկզբունքորեն կողմ է, որ Ստեփանակերտը որպես բանակցային կողմ ներկայացված լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում: «[url=https://armenpress.am/arm/news/974845.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ Բրյուսելում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը սկզբունքորեն դեմ է Ստեփանակերտի վերադարձին բանակցային սեղան: «Մենք էլ սկզբունքորեն կողմ ենք։ Նորից կրկնեմ, մենք բազմիցս առնչվել ենք այս հարցին. սա խստորեն պրակտիկ հարց է, որովհետև եթե Արցախին չի տրվում հնարավորություն սեփականատերը լինել այս գործընթացի, այս գործընթացի արդյունավետությունը լրջորեն տուժում է։ Մեր մոտեցումը շատ պրակտիկ է, շատ գործնական ու տրամաբանական»,- ասաց Մնացականյանը: Նախարարը նաև նշեց, որ Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումների ընթացքում շփում ունեցել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ, և որ այդպիսի կարճատև զրույցները սովորական բնույթ են կրում: Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների առաջիկա հանդիպման վայրին ու ժամկետներին, Մնացականյանը նշեց, որ հաջորդ հանդիպման հավանական վայրը Վաշինգտոնն է, սակայն սխա կլինի հյուրընկալող կողմի անունից որևէ հայտարարություն անել: «Մի փոքր էլ համբերենք։ Գիտեք որ, մենք սպասում ենք որոշ հստակեցումների հաջորդ փուլի համար, հանդիպման համար, և հյուրընկալող կողմը պետք է ասի, ինչպես է հնարավոր, երբ է հարմար, որպեսզի մենք նույնպես կարողանանք գնահատել այդ ժամկետները, այսինքն, համաձայնել։ Սկզբունքորեն մենք որևէ խնդիր չունենք։ Ակնկալվում է, որ հաջորդ հանդիպման վայրը Վաշինգտոնն է։ Բայց սխալ կլինի որևէ բան ասել։ Նորից եմ կրկնում, հյուրընկալող կողմից առաջ ընկնելը, կարծում եմ, սիրուն բան չէ»,- նշեց Մնացականյանը:

Նմանատիպ նյութեր