«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի չեմպիոն. «Լիվերպուլը»՝ 97 միավորով 2-րդն է, «Արսենալն» ավարտեց հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ավարտվեց 2018/19 մրցաշրջանի Անգլիայի խելահեղ առաջնությունը, որն իր դրամատիզմով և կարգով լավագույններից մեկն էր ԱՊԼ-ի պատմության մեջ: Արդեն այն փաստը, որ եվրագավաթների այս խաղարկության երկու եզրափակիչների բոլոր ներկայացուցիչները անգլիական անգլիական ակումբներն են, վկայում է ԱՊԼ-ի այս առաջնության բարձր մակարդակի մասին:
Պարզապես ապշեցնող է, որ «Լիվերպուլը» վաստակելով 97 միավոր, ընդամենը 2-րդ տեղը գրավեց, քանի որ կար ավելի հզոր թիմ. «Մանչեսթեր Սիթին», որը իր պատմության մեջ 6-րդ անգամ հռչակվեց ֆուտբոլի Անգլիայի չեմպիոն:
Վերջին տուրում հյուրընկալվելիս Գվարդիոլայի թիմը 4:1 հաշվով հաղթեց «Բրայթոնին» նկատմամբ և պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը:
«Լիվերպուլը» սեփական հարկի տակ Սադիո Մանեի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին», մնաց 2-րդ տեղում, սակայն Յուրգեն Կլոպի թիմը դեռ կարող է մրցաշրջանն ավարտել փառահեղ տրիումֆով. նրան դեռ սպասում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը:
«Արսենալը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Բարնլիին» և, 70 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը: Թիմը նվաճեց Երվոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր, սակայն դեռ կարող է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել, եթե Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակիչում հաղթի «Չելսիին»: Լոնդոնյան ակումբից դուբլի հեղինակ դարձավ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը մասնակցեց առանց փոխարինման:
Ուշագրավ է ևս մեկ բացառիկ ցուցանիշ. վերջին տուրից հետո ԱՊԼ-ի լավագույն ռմբարկու ճանաչվեցին միանգամից 3 ֆուտբոլիստ՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը («Արսենալ) և «Լիվերպուլի» հարձակվողներ Սադիո Մանեն ու Մոհամեդ Սալահը: Բոլորն էլ խփել են 22-ական գոլ, ընդ որում՝ Օբամեյանգը 11 մետրանոցից խփել է 4 գնդակ, Սալահը՝ 3, իսկ Մանեն՝ ոչ մի: